Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում

Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Pastinfo.am: Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Նառա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները 2020թ-ի մարտի 31-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար պետք է մինչև մարտի 26-ը ներառյալ ներկայանային ԱՀ մշտական ներկայացուցչություն, դիմում գրեին՝ Երևանի ընտրատեղամասում ընդգրկվելու համար։

Նա ընդգծել է, որ այն քաղաքացիները, որոնք նշված ժամկետում դիմում չեն ներկայացրել ու տեղյակ չեն եղել այս որոշման մասին, չեն կարող ընդգրկվել ընտրական ցուցակներում։

«Երևանում ԱՀ ընտրության մասնակցելու ևս մեկ տարբերակ կա։ Քաղաքացիները կարող են ընտրել Երևանում, եթե նախապես Արցախից տեղեկանք են վերցրել լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար»,– տեղեկացրել է գլխավոր մասնագետը։

Նա նաև հայտնել է, որ ընտրությունը տեղի է ունենալու ԱՀ մշտական ներկայացուցչությունում, և այս պահին ընտրացուցակում ընդգրկվելու համար դեմում է ներկայացրել Արցախի 776 քաղաքացի։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2020թ. մարտի 31-ին Արցախում նախատեսվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Իսկ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն, որով արգելվել է հավաքների անցկացումը, իսկ պարետի որոշմամբ նաեւ հանրային միջոցառումների անցկացումը։ Հանրային միջոցառում է համարվում 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող միջոցառումները։

Մարտի 24-ին ՀՀ վարչապետը հայտարարել է Հայաստանում արտակարգ դրության նոր սահմանափակումներ մտցնելու մասին և ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներ է մտցրել. քաղաքացիները պետք է տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր կամ նույնականացման քարտ, երկու հոգուց ավելի խմբերով էլ պետք է չհավաքվել անգամ բակերում։

ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվություն է նախատեսված մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար և անհասկանալի է, թե ինչպես են արցախցիները Հայաստանում մասնակցելու ընտրություններին և արդյոք այն ռիսկեր չի պարունակում՝ վարակի տարածման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում