Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Tert.am: Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով վարակի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Վարակման նոր դեպքերը գրանցվել են ՌԴ 26 շրջանում, սակայն վարակակիրների թվով առաջին տեղում է Մոսկվան, որտեղ վերջին օրում հաստատվել է 114 դեպք, ևս 36 մարդ վարակվել է Մերձմոսկովյան շրջանում։

Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 62 շրջանում հասել է 1264-ի։

«Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է մահվան մեկ դեպք։ Երկրում հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 4 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 49-ի։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 601,536-ի, որից 27,441-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 133,454 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում