Կորոնավիրուսից բուժված 28 անձ կա, իսկ մեկ քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է. Առողջապահության նախարար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով կորոնավիրուսի վարակման հետևանքով տարեց քաղաքացու երեկվա մահվան դեպքին, նշեց, որ հիմնականում բարդություններն առաջանում են խրոնիկական հիվանդություն ունեցող և տարեց քաղաքացիների մոտ. շատ կարևոր է նրանց պաշտպանությունը վարակի տարածումից: Նա նշեց, որ իրենց գործողություները միայն միտված են հենց այդ խոցելի քաղաքացիների առողջապահության պահպանությանը:
«Ուզում եմ տեղեկացել, որ մոտ 40 քաղաքացիներ մեկուսացումից դուրս են գրվել, այսօր էլ ևս տասը քաղաքացի, որոնք կրկնակի բացասական թեստ ունեն դուրս են գրվելու, և գումարելով նախկին թվին՝ կարող ենք ասել, որ 28 բուժված քաղաքացի կա: Ունենք մեկ ծայրահեղ ծանր քաղաքացի, իսկ մնացածի կյանքին վտանգ չի սպառնում, պացիենտների մեծ մասն առանց սիմպտոմների են և պարզապես մեկուսացված են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում»,- ասաց նա:
Նախարարը հաստատեց, որ վարակվել է երկու ամսակա երեխա և նրա մայրը և երեկ, երբ լրագրողներն այդ մասին հարցրել են, նա տեղեկացված չի եղել: «Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրն է երկու օր ջերմել, սակայն այս պահին սիմպտոմներ չկան, նրանք երկուսն էլ հիվանդանոցում են և ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունն ապահովելու, առողջությունը վերականգնելու համար, թեպետ, որպես այդպիսին, վերականգնելու կարիք չկա»,-ասաց նա:
Արսեն Թորոսյանն ասաց, որ հանրապետությունում կա կորոնավիրուսով հաստատված 329 դեպք, 28 բուժված, և բուժման մեջ գտնվող 300 քաղաքացի, ինչպես նաև մեկ մահվան դեպք: Նա կոչ արեց պահպանել արտակարգ դրության կանոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում