«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը պարբերաբար հունից դուրս գալիս

«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը պարբերաբար հունից դուրս գալիս

«Ստեղծված ճգնաժամային իրավիճակը առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ Եվ քանի որ արտակարգ դրության արդյունքում ի հայտ են եկել նաև մի շարք տնտեսական և ֆինանսական պրոբլեմներ, ապա իշխանությունների խնդիրն է լինելու դրանք լուծելը և հաղթահարելը։ Ընդ որում, այս հարցում կառավարությունը պետք է գործի արագ և ժամանակ չկորցնի, որպեսզի երկրում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատացում տեղի չունենա։

Եվ պատահական չէ, որ իշխանություններն այս օրերին անընդհատ խոսում են հանրության տարբեր հատվածներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, սակայն նրանք ոչ բոլոր խնդիրներին են անդրադառնում, որ այսօր հուզում է հանրությանը։ Իսկ այդպիսի խնդիրների բարձրաձայնումը տեղի է ունենում ընդդիմության միջոցով։

Եվ այսօր հանրությանն ամենաշատ հուզող թեմաներից մեկն էլ վարկային և հարկային պարտավորությունների կատարման հարցն է, որի վերաբերյալ էլ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցեր ուղղվեցին վարչապետին, բայց, ի զարմանս բոլորիս, վարչապետ Փաշինյանը դուրս եկավ հունից՝ խոսելով անընդունելի բառապաշարով և անպատասխանատու հայտարարություններ անելով։

Վերջինս փոխանակ բացատրեր ստեղծված իրավիճակը և հիմնավորեր, թե հանրության որ հատվածները կարող են օգտվել արտոնություններից և վարկային արձակուրդից և այլն, «մուննաթ» է գալիս պատգամավորների վրա։ Եվ իրավիճակն այնպես է ներկայացնում, որ իբր ընդդիմությունը փորձում է ցույց տալ, թե իշխանությունը ցանկություն չունի օգնել քաղաքացիներին։

Վարչապետի պաշտոնն ընդհանրապես, իսկ ճգնաժամային իրավիճակում՝ առավել ևս, շատ պատասխանատու կեցվածք է ենթադրում, սակայն Փաշինյանի հայտարարությունները անպատասխանատու և պոպուլիստական մոտեցման մասին են վկայում։ Ի՞նչ է նշանակում հայտարարել, թե «եկեք օրենսդրական նախաձեռնություն արեք, բոլոր ՀՀ քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել՝ այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով։ Եվ առաջին հերթին դրա համար քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավել»։

Վարչապետը չի պատկերացնում, որ ԱԺ ամբիոնից չի կարելի նման հայտարարություններ անել, քանի որ Հայաստանում պետք է օրենքով պաշտպանված լինի ցանկացած քաղաքացու սեփականությունը, և առանց իրավական հիմքերի խոսել այդ մասին ուղղակի անընդունելի է։ Ու սրանից հետո էլ Փաշինյանը խոսում է իրավական պետություն կառուցելու մասին։

Ընդհանրապես, ինչո՞ւ է երկրի վարչապետը ծանր տանում ցանկացած քննադատություն և հարցադրում։ Եթե երկրի ղեկավարը ցանկացած քննադատությունից պետք է էմոցիաների ազդեցության տակ դուրս գա ինքնատիրապետումից, ապա այսպիսի իրավիճակները իրենց բացասական կնիքը կթողնեն ոչ միայն վերջինիս քաղաքական գործունեության և վարկանիշի վրա, այլև վատ կանդրադառնան նաև պետության իմիջի վրա։

Չէ՞ որ այդ նիստերին հետևում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև մեր արտասահմանյան գործընկեր երկրները և ոչ միայն։ Ըստ ամենայնի, հասկանալի է, որ Փաշինյանը փորձում է հանրությանը ցույց տալ, թե իրենցից շատ ոչ ոք քաղաքացիների մասին չի մտածում, սակայն դա պետք է լինի իրական աշխատանք կատարելու միջոցով, այլ ոչ թե ընդդիմության ներկայացուցիչների վրա ցեխ շպրտելու։

Ընդդիմության և մամուլի ցանկացած քննադատության ու հարցադրման պետք է վերաբերվել համբերատարությամբ և փորձել ներկայացնել, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են արվում և այլն։

Սակայն դրա փոխարեն իշխանությունը նորից անհանդուրժողականություն և մեծամտություն է դրսևորում՝ ելնելով այն մոտեցումից, որ, միևնույն է, իրենք են լեգիտիմ իշխանությունը, որը կարողացել է հավաքել ժողովրդի մեծամասնության քվեն, իսկ իրենց որոշումներն ուղղակի քննադատության ենթակա չեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում