Հայաստանի 59 կինոգործիչներ բաց նամակ են ուղղել ԱԺ-ին

Հայաստանի 59 կինոգործիչներ բաց նամակ են ուղղել ԱԺ-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Times.amՀայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հաղորդագրություն է տարածել, ներկայացնելով միության 59 կինոգործիչների բաց նամակը՝ ուղղված ՀՀ ԱԺ-ին: Այն ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ԱԺ հարգելի պարոն նախագահ, ՀՀ ԿԳՄՍ հարգելի պարոն նախարար, ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի հարգելի պարոն նախագահ, ՀՀ ԿԳՄՍ հարգելի պարոն փոխնախարար

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ լինելով կինոոլորտը միավորող և կինոգործիչների շահերը պաշտպանող ամենամեծ հայաստանյան հասարակական կազմակերպությունը, ունենալով 187 անդամ՝ մարդիկ, որոնք ստեղծել և ստեղծում են հայկական կինոն, մտահոգված է վերջին շրջանում որոշ նեղ շրջանակի կողմից խմբային և անձնական շահերով պայմանավորված այն ոչ առողջ դրսևորումներով, որոնք արհեստականորեն ստեղծվում են հայկական կինոյի ու կինոոլորտի շուրջ և որոնք սոցիալական ցանցերի գործադրմամբ թյուրըմբռնումներ կարող են ստեղծել ինչպես հանրության տարբեր շրջանակների, այնպես էլ իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը օրերս հրավիրել էր վարչության ընդլայնված նիստ, որին վարչության անդամներից բացի հրավիրված էին նաև կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոսցենարիստների, կինոնկարիչների, կինոգետների և կինոլրագրողների պրոֆեսիոնալ գիլդիաների նախագահները, ոչ միության անդամ կինոգործիչներ՝ կինոռեժիսորներ, կինոօպերատորներ, պրոդյուսերներ, կինոգետներ, երիտասարդ ստեղծագործողներ, ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:

Շուրջ չորս ժամ քննարկելով կինոոլորտին առնչվող բազմաշերտ խնդիրներ, մենք արձանագրում ենք, որ ապատեղեկատվության, կեղծ լուրերի, զրպարտանքի տարածման, սոցիալական ցանցերով ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյախոսության միջոցով թիրախավորելով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոկենտրոնի գործունեությունը, փորձ է արվում ստվերել այն հսկայածավալ աշխատանքը, որը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոկենտրոնի, ոլորտի զարգացմամբ շահագրգիռ բոլոր առողջ ուժերի ներգրավմամբ իրականացվել է վերջին 2,5 տարիների ընթացքում, մասնավորապես Հայաստանում իրականացված հեղափոխությունից հետո:

Միաժամանակ փորձ է արվում հանրության ու պատկան մարմինների ուշադրությունը շեղել նախկինում Ազգային կինոկենտրոնում տեղ գտած մի շարք կոռուպցիոն դրսևորումների բացահայտումից, որոնց մասին տարբեր ժամանակներում բարձրաձայնել են բազմաթիվ կինոգործիչներ, և որոնց բացահայտման արդյունքում բազմաթիվ խմբային շահեր սպասարկողներ ու նրանց հովանավորողներ հնարավոր է ունենան լրջագույն խնդիրներ:

Նկատի առնելով, որ թիրախավորման հիմնական նշանակետ է ընտրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ Շուշանիկ Միրզախանյանի՝ վերջինիս այդ պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից, կառույցում ձեռնարկվեց և իրականացվեց հսկայական աշխատանք, որին հաջորդեց Հայաստանի Հանրապետության հեղափոխական փոփոխությունների շրջանը, երկրում իրականացվեցին կառուցվածքային ու համակարգային բարդ փոփոխություններ, որոնք, ցանկացած պարագայում, առաջ են բերում որոշակի դժվարություններ:

Եվ, այնուամենայնիվ, անցած 2 տարի 8 ամիսների ընթացքում Ազգային կինոկենտրոնը կարողացավ ընթանալ արմատական ու համակարգային լրջագույն դրական փոփոխությունների ճանապարհով՝ ստեղծելով զարգացման կայուն նախադրյալներ:

Հայտարարում ենք, որ՝

Ա. Աջակցում ենք Հայաստանի կառավարության՝ ոլորտի կարգավորմանն ուղղված բաց ու թափանցիկ գործունեությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ որպես ոլորտի համակարգողի, ձեռնարկած քայլերին՝ ուղղված թափանցիկ, մասնակցային, հանդուրժողության մթնոլորտում խնդիրների քննարկմանն ու ոլորտի ազատականացմանն ու անկախությանը:

Բ. Աջակցում ենք Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավարի պաշտոնում մեր գործընկերոջ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և միության վարչության անդամ Շուշանիկ Միրզախանյանի կողմից ձեռնարկված և ձեռնարկվելիք բոլոր այն գործողություններին, որոնք կոչված են լավագույնս և միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով կանոնակարգելու կինոոլորտը, նպաստելու ազգային կինոյի զարգացման ու հանրայնացման ժամանակակից մոդելների կիրառմանը, կոռուպցիոն համակարգերի՝ իրավական կարգավորումներով այլևս բացառմանը, կառույցի անկախությանն ու թափանցիկությանը:

Գ. Աջակցելու ենք բոլոր այն ձեռնարկումներին, որոնք կոչված են բացահայտելու նախկինում Ազգային կինոկենտրոնում և կինոոլորտում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները:

Դ. Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի զրպարտություններով, հայհոյախոսությամբ ու վիրավորանքներով, ատելության խոսքով առաջնորդվող անձինք ստանան իրավական համապատասխան գնահատական:

Հայաստանի իշխանություններին, մասնավորապես Հայաստանի դատական իշխանությանն ու իրավապահ համակարգին կոչ ենք անում ամենայն հետևողականությամբ զբաղվել բոլոր այն գործերով, որոնք կապ ունեն իրավական մութ գործընթացների հետ, որոնց մասին բարձրաձայնել են թե բազմաթիվ կինոգործիչներ, թե Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանի կողմից իրազեկվել են պատկան մարմինները:

ՀՀ Ազգային ժողովին կոչ ենք անում հնարավորինս արագ ձեռնամուխ լինել Կինոյի մասին օրենքի ընդունմանը, արհեստական խոչընդոտների պատճառով չհետաձգել ոլորտի համար այդ կարևորագույն օրենքը:

Հայաստանի կառավարությանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կոչ ենք անում հնարավորինս արագ ավարտել կինոոլորտի համակարգային և կառուցվածքային փոփոխությունները:

Օգտվելով համաճարակային իրավիճակով թելադրված արտակարգ դրության պայմաններից, որն արգելում է հավաքները, մի խումբ անձինք և նրանց հովանավորները շարունակում են իրենց ոչ առողջ գործողություններով խոչընդոտել այն գործընթացներին, որոնք իրականացվում են հայկական կինոյի զարգացման նկատառումներով և բացառապես ուղղված են կինոմթնոլորտի առողջացմանը, կինոոլորտում թափանցիկ գործունեության իրականացմանը, միաժամանակ խոչընդոտելով Ազգային կինոկենտրոնի բնականոն գործունեությունը:

Ցավալի է, որ այդ գործողությունները հավանության են արժանանում քաղաքական որոշ ուժերի, իշխանության և իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչների կողմից, ոմանց համար դառնում են ինքնադրսևորվելու բացառիկ հնարավորություն:

Մենք ոչ միայն պատրաստ ենք ամբողջ ուժերով համագործակցել կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների, ոլորտում ներգրավված բոլոր կողմերի առողջ ուժերի հետ, այլև հայտարարում ենք, որ արտակարգ դրության չեղարկումից հետո հանդես ենք գալու հրապարակային լայն գործունեությամբ՝ իրերը կոչելով իրենց անուններով:

Երկար ժամանակ լռելով, զբաղվելով բացառապես գործով, ներգրավված լինելով բոլոր առողջ և համակարգաստեղծ գործընթացներում, որոնք կոչված են կինոոլորտի առողջացմանը, որոշ շրջանակներ այդ կեցվածքը շփոթել են թուլության, ամենաթողություն հանդուրժելու, ոլորտի շահերը պաշտպանելու մեր կարողության, նպատակադրվածության ու պատրաստակամության բացակայության հետ և շարունակում են զրպարտչական, խառնակչային ու հայհոյախառն գործողություններ, ատելության խոսքի տարածում:

Վստահաբար ասում ենք, որ թույլ չենք տալու»,- նշված է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության բաց նամակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում