Ռուսաստանը 16 նոր հիվանդանոց է կառուցում կորոնավիրուսի համավարակի ֆոնին. Daily Mail

Ռուսաստանը 16 նոր հիվանդանոց է կառուցում կորոնավիրուսի համավարակի ֆոնին. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.am: Ռուսական զինված ուժերն արագացված ռեժիմով 16 հիվանդանոց է կառուցում, ինչը պայմանավորված է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ: Մտավախություն կա, որ Ռուսաստանում վարակակիրների թիվը կարող է սրընթաց ավելանալ:

Daily Mail-ի տվյալներով՝ երեք հազար զինծառայող խիստ գրաֆիկով աշխատում են հիվանդանոցների կառուցման վրա: Նշվում է, որ պատրաստ լինելուց հետո դրանք կկարողանան 1600 հիվանդ ընդունել:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, խոսելով կառուցվող հիվանդանոցների մասին, մանրամասնել է, որ դրանց կեսը պատրաստ կլինի մինչ ապրիլի կեսը, իսկ մյուս մասը՝ մինչ մայիսի 15-ը:

«Կառուցման աշխատանքները մեկնարկել են մարտի 20-ին: Ներկայում երեք հազար մարդ է աշխատում»,-նախարարի խոսքը մեջբերում է բրիտանական պարբերականը:

Բացի այդ, հավելյալ «մոդուլյար» ռազմական հոսպիտալներ կկառուցվեն Կալինինգրադում, Պոդոլսկում, Սմոլենսկում, Դոնի Ռոստովում, Օրենբուրգում, Խաբարովսկում և մի շարք այլ քաղաքներում:

Իշխանությունների այս որոշմանը նախորդել էր վարակաբան, պրոֆեսոր Նիկոլայ Մալիշևի նախազգուշացումն առ այն, որ կորոնավիրուսով ախտահարվածնի թվի զգալի աճ է կանխատեսվում:

«Դա կարող է միջուկային շղթայի ռեակցիա ունենալ»,-ասել է պրոֆեսորը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում