Կորոնավիրուսի վարակման ամենաշատ դեպքերն ո՞ր մարզերում են արձանագրվել

Կորոնավիրուսի վարակման ամենաշատ դեպքերն ո՞ր մարզերում են արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Հայաստանը չունի կորոնավիրուսի տեստերի պակաս, ունի բավարար քանակի տեստեր, շարունակում ենք ձեռք բերել։ Մինչ օրս արվել է բավական մեծ թվով տեստ Հայաստանի ռիսկայնության և մասշտաբների համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա ներկայացմամբ, մինչ օրս ՀՀ-ում արվել է կորոնավիրուսի 1440 տեստ, դրական է եղել 290-ը։

Հարցին՝ չե՞ք կարծում, որ եթե կոնկրետ նշվեն բնակավայրերը, թե որտեղ են արձանագրված կորոնավիրուսի վարակման դեպքեր, ավելի կզգոնացնի մարդկանց, նախարարն ասաց, որ այսօր կամ վաղը կլինի քարտեզ, որտեղ նշված կլինեն այն բնակավայրերը, որտեղ արձանագրվել են։ Ա. Թորոսյանն ասաց, որ Գյումրիում շատ չեն դեպքերը, շփման շրջանակները պարզ է, մեկուսացված են։ Նախարարն ասաց, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև այլ բնակավայրերից քաղաքացիներ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս՝ պրակտիկորեն ասիպմպտոմ կամ թեթև դեպքեր։

Առողջապահության նախարարն ասաց, որ մարզերը չեն կարող ունենալ տեստեր, կարող է ունենալ միայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որն ունի բավարար հզորություններ տեստներն անելու և կենսաանվտանգության մի մակարդակ, որը միայն այդ կենտրոնն ունի ՀՀ-ում. «Որևէ մարզային հիվանդանոց, գյուղական ամբուլատորիա կամ պոլիկլինիկա չունի տեստ։ Տեստեր ունենալու հավանականություն ունեն նաև մեր կենտրոնի Վանաձորի ու Գյումրիի մասնաճյուղերը, որոնք նույնպես ունեն կենսաանվտանգության բարձր մակարդակ, նաև այս պահին ունի Կապանի մեր մասնաճյուղը, որտեղ էլի, եթե չեմ սխալվում, 20 տեստ է արվել»։

Հարցերին՝ պարզվել է, թե ինչպե՞ս է վարակը ներթափանցել Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզեր, արդյո՞ք հայտնաբերվել են վարակակիրների հետ բոլոր կոնտակտավորները, իրավիճակը վերահսկելի՞ է, ՀՀ-ում կորոնավիրուսով ամենաշատ վարակակիրները ո՞ր տարածքում են գրանցվել, նախարարը պատասխանեց, որ պարզվել է՝ որոշ դեպքերում վարակը տեղի է ունեցել լոկալ փոխանցմամբ՝ ՀՀ-ում եղած վարակակրից անցել է մյուսին, որոշ դեպքերում մեր քաղաքացիները կամ ոչ քաղաքացիները վարակը բերել են այլ երկրներից։ Կոնտակտավորների շրջանակը պարզելու պրոցեսը շարունակական է, դեպքեր կան, որ 100 տոկոս պարզ է, էլ չեն շարունակում համաճարակաբանական հետաքննությունը, որը հետևում է ամեն վարակակրի հաստատմանը, որոշ դեպքերում անընդհատ պարզում են նոր կոնտակտներ։ Ա. Թորոսյանն ասաց, որ հաճախ քաղաքացիները չեն համագործակցում իրենց հետ, չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին։

Ա.Թորոսյանն ասաց, որ իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է, որոշ մարզերում շարունակվում են դեպքերի արձանագրումը։

Նա նշեց, որ կորոնավիրուսի վարակման դեպքեր կան Երևանում, հարակից գրեթե բոլոր մարզերում, նաև Շիրակում, Լոռիում, Սյունիքում։ Վերջին երեք մարզում, նախարարի ներկայացմամբ, դեպքերը հատուկենտ են, ամենաշատ դեպքերն արձանագրված են Երևանում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում