Թորոսյան. Ասել, որ այս կամ այն դեղը ուղիղ բուժում է կորոնավիրուսը, դեռ չենք կարող

Թորոսյան. Ասել, որ այս կամ այն դեղը ուղիղ բուժում է կորոնավիրուսը, դեռ չենք կարող

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխաներ կան, նրանք իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեխաները, այո, միգուցե դառնան վիրուսի տարածման աղբյուր, սակայն մինչ օրս, աշխարհում մոտ 500 հազարի է հասնում վարկավածների թիվը, երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում, գիտական հոդված չկա, նույնը մենք ենք տեսնում մեր երկրում»,- նշեց նախարարը։

Ա. Թորոսյանի խոսքով, պետք է առավել ուշադիր լինել այն երեխաների նկատմամբ, որոնք ունեն իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ, կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ որևէ անձի մոտ արհեստականորեն իմունոդեֆիցիտ են առաջացնում, նրանք ավտոմատ դառնում են ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, նաև այս։ Նա նշեց, որ պետք է հավելյալ ջանքեր գործադրել պաշտպանելու քիմիոթերապիա ստացող երեխաներին կամ իր կողմից նշած վիճակում այլ պատճառով գտնվող երեխաներին առավել քան պրակտիկ առողջ երեխաներին։

Ա.Թորոսյանն ընդգծեց, որ միանշանակ փոխանցման շղթաները պետք է կոտրել բոլոր տարիքներում։ Նախարարն ասաց, որ բոլորը պետք է հետևեն հիգիենայի կանոններին, շփումների քչությունն ապահովել դեռևս ոչ այդքան հասկանալի ժամանակով, որովհետև խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել։

«Դեռևս անորոշ է՝ կամ կլինի համաճարակի նահանջ, կամ կլինի վակցինա, կամ կլինի ուղղակիորեն բուժող դեղ, որը չկա։ Դեղերը փորձարկման փուլում են։ Այո, դրական ազդեցություն ունեցող դեղեր էլ կան, մենք էլ ունենք, մենք էլ ենք օգտագործում մեր պացիենտների վրա, սակայն ասել, որ այս կամ այն դեղը ուղիղ բուժում է այս հիվանդությունը, դեռ չենք կարող։ Հետևաբար պետք է թե երեխա, թե մեծահասակ, թե քրոնիկ հիվանդություն ունեցող կամ չունեցող անձ հետևեն նույն կանոներին՝ առավել պաշտպանելով խոցելի խմբերին»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում