Ինչու Սինգապուրի արձագանքը կորոնավիրուսին արդյունավետ եղավ և ինչ կարող ենք սովորել դրանից. South China Morning Post

Ինչու Սինգապուրի արձագանքը կորոնավիրուսին արդյունավետ եղավ և ինչ կարող ենք սովորել դրանից. South China Morning Post

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.amԿորոնավիրուսի համաճարակի դեմ Սինգապուրի պայքարը շատ արդյունավետ է դարձել և որպես օրինակ է ընդունվում շատ երկրների կողմից: Այս մասին գրում է South China Morning Post պարբերականը:

Այս շաբաթվա դրությամբ Սինգապուրում կորոնավիրուսով վարակման 558 և մահվան 2 դեպք է գրանցվել, վարակվածության մակարդակը շատ ավելի ցածր է, քան աշխարհի այլ երկրներում:
Դեկտեմբերի 31-ին, երբ աշխարհին հայտնի դարձավ Չինաստանում կորոնավիրուսի առկայության մասին, Սինգապուրը սկսեց պատրաստվել: Երբ հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարեց, Սինգապուրն արդեն պատրաստ էր:

Պարբերականը ներկայացրել է Սինգապուրի ձեռնարկած քայլերը, որոնք օգնել են արդյունավետ պայքար մղել կորոնավիրուսի դեմ:

Առաջին քայլն այն է, որ կորոնավիրուսով վարակված անխտիր բոլոր անձանց Սինգապուրը պահել է հիվանդանոցներում և թույլ չի տվել շփվել այլոց հետ: Տնային կարանտինը ճիշտ տարբերակ չէ, որովհետև վարակվածները չպետք է շփվեն ընտանիքի հետ, չպետք է այցելուներ ունենան և պետք է սեփական օգտագործման զուգարանն ունենան: Եթե մարդկանց մոտ ախտանշաններ չկան և նրանք վարակված չեն, միայն այդ դեպքում նրանց տնային խիստ կարանտինի պայմաններում են պահում: Երկրում կոչ են արել տանը մնալ այն մարդկանց, որոնք հիվանդացել են (ոչ միայն կորոնավիրուսով), եթե շփվել են վարակված մարդու հետ, պետք է ստուգումներ անցնեն, պահեն սոցիալական հեռավորություն և այլն: Այս կանոնները Սինգապուրում շատ խիստ են դրված և պահպանվում են:

Սինգապուրում չեն փակվել դպրոցները, ռեստորաններն ու բարերը: Դպրոցները փակելու իմաստ չեն տեսնում, քանի որ երեխաները գրեթե չեն վարակվում այս վիրուսով, վարակվելու դեպքում էլ թեթև են տանում հիվանդությունը: Սինգապուրում նաև ամենաթեթև ախտանշաններն ունեցող բուժաշխատողներին թեստ հանձնելու հնարավորություն են ընձեռում` այդպիսով պահպանելով նրանց և միաժամանակ նրանց հետ շփվողների առողջությունը: Պետական աշխատանքի դեպքում մարդիկ կարող են բժշկական տեղեկանք ստանալ, որը թույլ կտա 5 օր տանը մնալ, մասնավոր աշխատողների տանը մնալու դեպքում պետությունը նրանց ֆինանսական աջակցություն է տրամադրում: Սինգապուրում ամեն բան անում են լավ ու կազմակերպված, մարդիկ գիտեն իրենց դերն այս վիրուսի դեմ պայքարում, այդ իսկ պատճառով պայքարն արդյունավետ է ընթանում, գրում է պարբերականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում