Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. Տեսանյութ

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.amԻշխանությունը գործում է ըստ օրվա, ժամի, իրավիճակի հրամայականի, և վստահ կարող եմ ասել, որ Հայաստանն այսօր համաշխարհային այս իրավիճակում ամենալավ վիճակում է գտնվում և ամենաշուտ արձագանքող, ամենաքիչ տուժած երկրներից է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Աշխարհի տնտեսությունը ամենայն հավանականությամբ փլվելու է, և հնարավոր է՝ աշխարհում լինի իրավիճակ, որը շատ ավելի վտանգավոր կլինի, քան 2008 թ.-ի տնտեսական ճգնաժամը: Սա համաշխարհային աղետ է: Պետք է անենք ամեն ինչ, որ հարվածը բոլորի համար մաքսիմալ մեղմացնենք»,-ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, թե լավ է, որ այս իրավիճակը եղավ ՀՀ նոր իշխանությունների օրոք, քանի որ նախորդ երկու տարիներին պետական բյուջեցից չեն գողացել, քաղաքացիները պարտաճանաչ վճարել են հարկերը, տպվել են ՀԴՄ կտրոնները, աշխատանքները գերակատարվել են:

«Ես պատկերացնում եմ՝ ՀՀ-ում հեղափոխություն եղած չլիներ, կամ մենք այն վիճակում լինեինք, որում երկու տարի առաջ էինք, ու նման արհավիրքի առաջ կանգնեինք: Այսօր մենք կարողանում ենք դիմակայել ու դեռ բավականին լավ՝ շնորհիվ այն երկու տարվա ընթացքի: Եթե մենք շարունակենք կատարել մեր պարտականությունները, ավելի սրտացավ մարդ, քան մենք ենք, այսօր ՀՀ-ում չի կարող լինել»,-ասաց պատգամավորը:

Դիտարկամնը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, թե երբ ժամանակին իրենց խմբակցությունն առաջարկել է փակել Իրանի հետ սահմանը, իշխանությունները «ձեռք են առել», Սիմոնյանն արձագանքեց, թե Իրանից ընդամենը մի վարակակիր քաղաքացի է ՀՀ ժամանել, և այդ ճյուղը կանգնեցվել է: «Անընդհատ ասել՝ եկեք այսպես անենք, այնպես անենք՝ չունենալով ոչ մի պատասխանատվության զգացողություն և տեղեկատվություն, դրա հետևանքով է, կարծում եմ, որ «ձեռք են առնում»: Ես չեմ տեսել, որ իմ գործընկերները «ձեռք առնեն», բայց եթե քաղաքացիների կողմից պարոն Մարուքյանը արժանացել է ձեռք առնելու, միգուցե ամպագորգոռ և դեմագոգիկ հայտարարություններ անելուց առաջ մտածի, որ նման արտահայտությունները կարող են նման արձագանք ունենալ»,-ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե կառավարության կատարած աշխատանքները չեն գոհացրել նաև «Բարգավաճ Հայաստան»-ին ու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ԱԺ փոխնախագահը արձագանքեց, թե երբ Ծաղկաձորում մեկուսացնում էին վարակի կասկածով մարդկանց, Գագիկ Ծառուկյանն ասում էր, թե այդ քաղաք այցելու չի գնա:

«Կողքից ուղղակի խորհուրդներ տալը շատ հեշտ է: Ինձ հետաքրքիր չէ՝ ինչ է ասում այս կամ այն ընդդիմախոսը, որովհետև ես ունեմ փաստ առ այն, որ ՀՀ-ն այսօր չունի սննդի դատարկ խանութներ, մաքսիմալ վերահսկում է իրավիճակը, շատ ծայրահեղ դեպքեր չունենք»,-նշեց նա:

Դիտարկմանն էլ, թե Գագիկ Ծառուկյանն ասել է՝ ինչու ինքը պետք է վճարի աշխատողներին, պետությունը հայտարարել է արտակարգ դրություն, վերջինս էլ պարտավոր է իր ժողովրդին գումարներ տրամադրել և ԲՀԿ ղեկավարի հարցին՝ «գործարարների կաշիները քերթում են, բյուջե՞ են լցնում», Ալեն Սիմոնյանը արձագանքեց, թե որևէ մեկը քաշի քերթելով բյուջե չի լցնում: «Այն մարդը, որ կասի՝ կաշի են քերթում, ճիշտ չի պատկերացնում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, օրենքի առաջ հավասար լինելը և հարկեր վճարելու պարտականությունը: Ենթադրում եմ, որ որոշ մարդկանց համար նախկինում եղել են արտոնյալ պայմաններ, որոնց դիմաց բնակարաններ, զարդեր են տվել: Այ իրենց համար, այո, պետք է քերթվի, և բերեն բյուջե վճարեն բոլոր այն գումարները, որոնք ՀՀ քաղաքացիներինն են»:

Սիմոնյանը նաև ընդգծեց՝ հայտնի չէ՝ այս իրավիճակն ինչքան է տևելու: «Սա կարող է տևել շատ երկար, պետք է պատրաստ լինենք: Սա պատերազմին հավասար մի բան է, պետք է մեր ռեսուրսներն օգտագործենք այնպես, որպեսզի կարողանանք մաքսիմալ երկար դիմակայել»,-նշեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում