Արդեն 92 հոգու մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով. ՀՀ փոխոստիկանապետ

Արդեն 92 հոգու մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով. ՀՀ փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.am: 92 հոգու արդեն մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով, երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ էլ միջոց ենք կիրառել, իսկ 16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

«Ոստիկանությունը պարեկային ծառայության ու հաղորդագրությունների միջոցով հորդորում է քաղաքացիներին պահպանել պարետի ցուցումները, և քաղաքացիներից պահանջում է պահպանել այն կարգը, որը սահմանել է պարետը: Պահանջներն ունեն բացառություններ, որոնք սահմանված են պարետի ցուցմամբ: Մեր ուժերն այժմ ամբողջովին ուղղված են այդ պահանջների կատարմանը, և հուսով եմ՝ կկարողանանք ապահովել դրանք»,-ասաց փոխոստիկանապետը:

Նրա խոսքով՝ ոստիկաններն իրենց քանակական ուժերի սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն, և փորձում են, որքան հնարավոր է ամբողջական փակել շղթաները՝ ապահովելու համար պահանջերի կատարումը:

Հարցին՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում թերթիկում նշված վերադարձի ժամից ուշ վերադառնալու համար, Մհրյանն ասաց, թե պատասխանատվությունն ամրագրված է օրենսդրությամբ:

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն էլ, անդրադառնալով սահմանափակումների քրեական և վարչական պատասխանատվությանը, նկատեց, որ Արդարադատության նախարարության կողմից մշակվել և արդեն մարտի 23-ից ԱԺ-ի կողմից ընդունվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը և Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

«Վարչական պատասխանատվության են ենթարկվելու լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չեն պահպանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները: Որպես պատասխանատվություն նախատեսվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով: Վարչական պատասխանատվություն է նախատեսվել նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար: Պատասխանատվության միջոց նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում