Այսօր չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր․ Ուկրաինայում ՀՀ դեսպան

Այսօր չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր․ Ուկրաինայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.amԱյսօր «SkyUp» ուկրաինական ավիաընկերության չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Այս պահին Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր (թվերը նախնական են)։ Նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև»,– գրել է Սեյրանյանը:

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած, մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում