ԱՀԿ-ն նշել է Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացության բարձր մակարդակի ևս մի պատճառ

ԱՀԿ-ն նշել է Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացության բարձր մակարդակի ևս մի պատճառ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Tert.am: Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության բարձր մակարդակը պայմանավորված է ոչ միայն երկրում ժողովրդագրական, այլև թեստավորման համակարգի առանձնահատկություններով:

Ինչպես նշում է ria.ru-ն՝ իտալական Corriere della Sera-ին հղումով, նման հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը:

Նշվում է, որ համավարակի տարածման ֆոնին Իտալիան փոխել է թեստավորման ռազմավարությունը: Սկզբում, երբ վարակի լոկալ օջախը Լոմբարդիայում էր, թեստավորում էին բոլոր անձանց, որոնք շփման մեջ են եղել վարակվածների հետ: Սակայն հետագայում, երբ իրավիճակը գնալով սրվեց և ախտահարվածների թիվը կտրուկ ավելացավ, ինչպես նաև առաջ եկավ նյութերի անբավարարության խնդիր, իշխանությունները որոշեցին թեստավորել միայն ծանր ախտանիշներով և ռիսկի խմբում ներգրավված անձանց:

Նշենք, որ Իտալիան կորոնավիրուսի զոհերի թվով աշխարհում առաջատար է: Ըստ վերջին տվյալների՝ այնտեղ կա ավելի քան 60 000 ախտահարված, մինչդեռ զոհերի թիվն անցել է 5400-ը:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում