Փաշինյան. Գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր ոլորտներից մեկը

Փաշինյան. Գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր ոլորտներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Panorama.amԿառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը:

«Պարենային անվտանգության խնդիրները հիմա առավել հրատապություն և կարևորություն են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ողջ աշխարհում: Երկրորդը՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու առավել նախընտրելի և արդյունավետ հնարավորություններ կան: Երրորդը՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղեր ձևավորելու և ինքնազբաղվածություն ապահովելու լայն հնարավորություններ կան: Մասնավորապես՝ կա լքված հողերը կրկին վերադարձնելու հնարավորություն: Եվ չորրորդ՝ կարծում ենք, որ հիմա շատ հարմար ժամանակաշրջան է իրականացնել այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ կամ խթանել ինստիտուցիոնալ բարեփոխումների այնպիսի ընթացք, որ նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր լինում իրականացնել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ առումով տնտեսական հարցերի օպերատիվ խմբում տարբերակներ են քննարկվել:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում պետք է խթանել գյուղացիական, գյուղատնտեսական կոլետիվների, կոոպերատիվների ձևավորումը Հայաստանի Հանրապետությունում:

«Մասնավորապես՝ կա գաղափար, որ կոոպերատիվների ղեկավարի կարգավիճակում լինեն լիցենզավորված, դասընթացներ անցած մարդիկ, և որոնց համար լինի պարտադիր որոշակի ժամանակը մեկ արագ դասընթացներ անցնել, գուցե՝ լիցենզավորումը վերահաստատել և այդպես շարունակ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս գաղափարները դեռևս քննարկվման փուլում են գտնվում:

Պատասխանատուները զեկուցել են ժամանակին և պատշաճ ոռոգման ջրի մատակարարման աշխատանքների մասին՝ մանրամասներ ներկայացնելով ջրամբարներում կուտակված ջրաքանակների և ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու քայլերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ արդեն իսկ 2500 կիլոմետր երկարությամբ մաքրման աշխատանքներ են կատարվել մայր ջրանցքներում, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 1000 կիլոմետրով: Զեկուցվել է, որ դոնորների հետ համագործակցության արդյունքում ընթացիկ տարվա ընթացքում 39 համայնքների կոոպերատիվներին էլ մատակարարվելու է 630 մլն դրամի գյուղտեխնիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում