ՀՀ-ում չի կարող որևէ մեկը, որևէ պաշտոնյա հայտարարել, թե ինքը չի ընդունում և չի կատարելու դատարանի կայացրած ակտը. Ռուբեն Վարդազարյան

ՀՀ-ում չի կարող որևէ մեկը, որևէ պաշտոնյա հայտարարել, թե ինքը չի ընդունում և չի կատարելու դատարանի կայացրած ակտը. Ռուբեն Վարդազարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ,  168.amՄարտի 20-ին 168.am–ը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:

– ԲԴԽ–ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսային վարակի հետ կապված վտանգները հնարավորինս չեզոքացնելու համար, հատկապես արտակարգ դրության պայմաններում, ինչպե՞ս է ապահովում դատարաններում մարդկանց անվտանգությունը:

– Փորձեմ մեջբերում անել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետից: Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ դատարանների և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությանը: Սրանից բխում է, որ դատարաններն այս ընթացքում պետք է շարունակեն բնականոն ռեժիմով աշխատել:

Դա բացարձակ չի նշանակում, որ պահպանվելու է նույն ռեժիմը, որ կար մինչև արտակարգ դրության հայտարարումը կամ մինչև այս պանդեմիայի ի հայտ գալը: ԲԴԽ-ն փաստաբաններին, դատավարության մասնակիցներին կոչ է արել հնարավորինս օգտվել հեռահար հաղորդակցման միջոցներից, դատարանների հետ շփումն ապահովել էլեկտրոնային եղանակով, և եթե քաղաքացին կամ դատավարության մասնակիցը գտնում է, որ չի ուզում մասնակցել, ապա կարող է դիմել դատարանին` խնդրանքով հետաձգել: Կոչ է արվել դատավորներին՝ շատ դեպքերում ընդառաջ գնալ քաղաքացիներին և հետաձգել դատական նիստերը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է քաղաքացին կամ դատավորը: Դատական կարգադրիչների ծառայությունը ԲԴԽ-ից հրահանգ է ստացել ապահովել, որ կուտակումներ չլինեն, հերթեր չգոյանան, երբ տեսնեն արտաքին ախտանիշներ, որ քաղաքացին հիվանդ է, նրան հորդորեն չմտնել դատարանի շենք: Ես համացանցում կարդում եմ որոշ դատավորների գրառումները մեր հայտարարության տակ, որ ԲԴԽ-ն անպատասխանատու է, որ, եթե որևէ դատական ծառայող վարակվի, ապա մեղավորը ԲԴԽ-ն է:

Միանշանակ ուզում եմ հայտարարել, որ ԲԴԽ-ն որևէ պատասխանատվություն չի կրում նման դեպքերում: Հնարավորինս արվել է ամեն ինչ, որպեսզի կանխվի այս վարակի տարածումը: Ավելին ասեմ, ԲԴԽ-ն երեկվա որոշմամբ պահուստային ֆոնդից 3 միլիոն դրամ է հատկացրել, որպեսզի լրացուցիչ ախտահանող նյութեր, ձեռնոցներ, դիմակներ, ռեսպիրատորներ գնվեն:

– Այդ գումարը ԲԴԽ–ն իր միջոցների՞ց է տրամադրել:

– Դատական իշխանության բյուջեն տնօրինում է Դատական դեպարտամենտը, իսկ դեպարտամենտը հանդիսանում է ԲԴԽ-ի աշխատակազմը: Հետևաբար՝ ԲԴԽ-ն է որոշում, թե ինչպես պետք է ծախսվի պահուստային ֆոնդը: Այդ գումարը տրամադրել ենք հենց այդ պահուստային ֆոնդից: Ընդ որում, այդքան գումար է տրամադրվել, որովհետև գնահատել ենք` ինչ է մեզ հարկավոր, և գտել ենք, որ 3 միլիոնը բավարար է բոլոր դատարաններն անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար:

– Համացանցում կարծիքներ կան, որ Դատական դեպարտամենտը կամ ԲԴԽ–ն պարտավոր են քաղաքացիներին ապահովել դիմակներով և ձեռնոցներով:

– Միանշանակ պնդում եմ, որ ԲԴԽ-ն կամ Դատական դեպարտամենտը նման պարտավորություն չունեն: Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է ապահովի իր առողջական անվտանգությունը: Մենք պարտավոր ենք դատավորներին, դատարանի աշխատակիցներին, կարգադրիչներին ապահովել բոլոր անհրաժեշտ պարագաներով: Այս պահին ես չունեմ տեղեկություն, որ որևէ դատարանում պակասում է դիմակը կամ ախտահանող նյութ: Այս պահին արվել է ամեն ինչ:

Ավելին ասեմ, փորձում են ՌԴ օրինակը բերել, որ Ռուսաստանի Գերագույն դատարանի և Դատավորների միության նախագահները համատեղ որոշում են կայացրել և ցուցում են տվել դատավորներին` հետաձգել դատական նիստերը: Ես չգիտեմ ռուսական օրենսդրությունը, և, թե ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը ՌԴ-ում: ՀՀ-ում որևէ մարմին չկա, որ կարող է դատավորներին ցուցում տալ դատական նիստերը հետաձգել: Յուրաքանչյուր դատավոր ինքն է պարտավոր ինքնուրույն որոշել` հետաձգո՞ւմ է դատական նիստը, թե՞ ոչ: Ընդ որում, դա չի կարող անել իր աշխատասենյակում: Դատավորը պետք է գնա դատական նիստերի դահլիճ` ձեռնոցով, դիմակով, և յուրաքանչյուր անգամ, գնահատելով իրավիճակը, որոշի դատական նիստը հետաձգելու անհրաժեշտության հարցը:

– Նկատի ունեք, որ գործեր են լինելու, որոնց քննությունը չի՞ կարող հետաձգվել:

– Այո: Դրանք կարող են լինել խափանման միջոցի հետ կապված գործեր, կամ, եթե քաղաքացին պնդում է, որ, օրինակ, երեխայի տեսակցության կարգի մասին քննվող հարցն անհետաձգելի է, դատարանը պարտավոր է լինելու այդ գործը քննել: Որպես մարդ, որպես քաղաքացի, որպես ընտանիքի հայր, որտեղ կան երեխաներ, ծնող, կին, իհարկե, ես էլ եմ մտահոգված, բայց դա ամենևին չի նշանակում, որ դատական իշխանության բնականոն գործունեությունը պետք է խաթարվի: Մենք ենք ընտրել մեր մասնագիտությունը և պարտավոր ենք ենթարկվել օրենքին:

– Դիմել եք Փաստաբանների պալատին մարտի 17-ին` ժամը 13:00-ին նշանակված և դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ: Մյուս կողմից՝ փաստաբանները նշում են, որ իրենք պատշաճ կերպով մինչ այդ օրը տեղեկացված չեն եղել, որ դատական նիստը չի կայանալու: Փաստաբանների պալատից ի՞նչ եք ակնկալում:

– Նախ ասեմ, որ տեքստն ամբողջությամբ հրապարակվել է, ծանոթ եք դրան, չեմ ուզում նորից կրկնել: Ավելին ասեմ, Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով` նշանակված է ծառայական քննություն` պարզելու համար կողմերի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը: Ես ԶԼՄ-ներով մի քանի հարցազրույց եմ լսել, որ փաստաբաններից մեկն ասում է` այո, մեզ երեկոյան զանգեցին, ասացին, որ վաղվա նիստը չի կայանալու, բայց դա մենք չհամարեցինք պատշաճ ծանուցում: Առանց մեկնաբանության եմ թողնում: Եթե փաստաբանին զանգում, ասում են, որ դատավորի հիվանդության պատճառով դատական նիստը տեղի չի ունենալու, և դա ինքը չի համարում պատշաճ ծանուցում, ի՞նչ ասեմ…

Միգուցե օրենքի առումով դա պատշաճ ծանուցում չէ, բայց զուտ այսօրվա՝ արտակարգ դրության պայմաններում փորձել այդ ամենից սարքել շոու, համարում եմ մտացածին: Ի՞նչ եմ ակնկալում Փաստաբանների պալատից: Առնվազն ակնկալում եմ վարույթի հարուցում և այդ հանգամանքների ճշտում և պարզում: ԲԴԽ-ում քննարկված և իմ ստորագրությամբ ՓՊ գնացած գրության նպատակն ակնկալելն է, որ Պալատում այդ միջադեպը քննության առարկա կդառնա: Ավելին ասելը` կնշանակի՝ միջամտել Պալատի գործունեությանը, որի ոչ իրավունքն ունեմ, և ոչ էլ ցանկությունը:

– Նշված գործով փաստաբանները նշում են, որ մինչ օրս Աննա Դանիբեկյանից տեղեկություն չունեն, բայց միևնույն ժամանակ՝ անձնական երաշխավորության միջնորդություն է ներկայացված: Օրինակ, եթե կալանքի հարց քննվեր, 4 օր դժվար հարցն առկախ մնար ու դատավոր չլիներ: Այս պարագայում ԲԴԽ–ն ի՞նչ գործողություններ է պատրաստվում կատարել իր իրավասությունների շրջանակում: Եվ առհասարակ, այդ դատական նիստը, ի վերջո, ե՞րբ կկայանա: Ունե՞ք տեղեկություններ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանից:

– Ես ունեմ տեղեկություն, որ Աննա Դանիբեկյանը վատառողջ է և անաշխատունակության թերթիկ է ներկայացրել կամ ներկայացնելու դատարանին: Օրենքը հստակ կարգավորում է, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվի դատարանի նախագահը: Ես զրուցել եմ դատարանի նախագահի հետ, տեղյակ եմ, որ նա ստացել է գրություն, որով փաստաբանները խնդրում են Աննա Դանիբեկյանին փոխարինել այլ դատավորով, որպեսզի այդ միջնորդությունը քննարկվի: Օրենքը հստակ կարգավորում է, որ վարույթն իրականացնող մարմինը, այսինքն` դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է այդ միջնորդությունը քննարկել: Ես չգիտեմ` ի՞ նչ է պատասխանելու դատարանի նախագահը, բայց իմ իրավագիտակցությունը և դատարանի նախագահ աշխատելու իմ երկարամյա փորձն ինձ ասում են, որ նույնիսկ ցանկության դեպքում դատարանի նախագահն այս պարագայում չի կարող դատավոր փոխել:

– Բայց եթե, ենթադրենք, Աստված մի արասցե, Աննա Դանիբեկյանը բացակայի երկար ժամանակով, ի՞նչ է լինելու:

– Եթե դատարանի նախագահը կունենա այնպիսի տեղեկություն, որ դատավորը երկարատև բուժման կարիք ունի, այդ դեպքում, իհարկե, օրենքը թույլ է տալիս գործը հանձնել վերամակագրման: Բայց այս պահին ընդամենն ունենք Աննա Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ տեղեկություն: Մենք չգիտենք` նա մեկ-երկու օ՞ր է հիվանդ լինելու, թե՞ մեկ շաբաթ: Այսինքն` բժշկական եզրակացություն պետք է լինի: Աստված չանի, բայց եթե մենք ունենանք տեղեկություն, որ Աննա Դանիբեկյանը կամ որևէ այլ դատավոր 6-ամսյա բուժման կարիք ունի, միանշանակ օրենքի ուժով դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը կվերամակագրվեն:

– Իսկ եթե ժամկետն անորո՞շ է: Դուք չունեք եզրակացություն, բայց դատավորն անորոշ ժամանակով բացակայում է:

– Ի՞նչ է նշանակում` ժամկետն անորոշ է: 21-րդ դարում ենք ապրում: Ի վերջո, դատարանի նախագահը կարող է շփվել դատավորի հետ և հարցնել, թե իր կանխատեսմամբ` նա որքա՞ն ժամանակով դեռ կբացակայի: Ամեն դեպքում այդ հարցը կլուծվի միանշանակ օրենքով: Չի կարող կամայական որոշվել, որ փաստաբանը խնդրի վերամակագրել, ու դատարանի նախագահը հենց այդպես էլ անի: Դա միայն օրենքով է կարգավորվում:

– Ինչպե՞ս է ԲԴԽ–ն մեկնաբանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններն այն մասին, որ ինքը չի պատրաստվում կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որովհետև դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Պատրաստվո՞ւմ եք արդյոք դիմել վարչապետին իր կառավարության նախարարի հայտարարության կապակցությամբ։

– ԲԴԽ-ում արձագանքել-չարձագանքելու հարցը քննարկվել է…Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հայտարարությանը (Ռուբեն Վարդազարյանը ժպտում է.- Գ.Ս.)…Ես ժպիտով եմ վերաբերվում այդ հարցին: Բոլորս տեսնում ենք Արսեն Թորոսյանի այսօրվա ծանրաբեռնվածությունը և այն աշխատանքը, որը նա կատարում է: Այդ հոգնածությունը հասկանում ենք: Դրա հետ մեկտեղ՝ նաև հասկանում ենք նրա վրդովմունքը, զայրույթը, որ գործ է պարտվել դատարանում: Բայց չի կարող Հայաստանում որևէ քաղաքացի, որևէ պաշտոնյա հայտարարել, որ ինքը չի ընդունում դատարանի ակտը և չի կատարելու այն:

Իհարկե կատարելու է: Չի կարող կառավարության անդամը դատական ակտը չկատարել: Ընդամենը այսքանը: Եթե չկատարի, հետևանքներ կլինեն: Դրա պատասխանատուն ԲԴԽ-ն չէ: Դրա պատասխանատուն դատական իշխանությունը չէ: Եթե մյուս կողմը կատարողական թերթ վերցնի և ներկայացնի Հարկադիր կատարման ծառայությանը, նրան կպարտավորեցնեն դա անել: Ի վերջո, քաղաքացիական դատավարությունը մրցակցային դատավարություն է, բայց մեծ առումով համարում եմ, որ չի կարող որևէ մեկը ՀՀ-ում որոշել, որ ինքը չի կատարելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

– 168.am–ի հետ զրույցում Առողջապահության նախարարի փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ սկսած երրորդ դատից հետո ինքն ի լուր հանրության բարձրաձայնել է, որ այս դատը քննվում է մաքսիմալ սուբյեկտիվ շահի վրա, և այս գործով դատավորները չեն եղել անաչառ, այնպես, ինչպես պահանջում է հենց իրենց առաքելությունը: Մեր ճշտող հարցին, թե և Առաջին ատյանի, և Վերաքննիչ, և թե Վճռաբեկ դատարանները (վերջինս, ի դեպ, վարույթ չի ընդունել փաստաբանի բողոքը) սուբյեկտի՞վ են եղել, պատասխանեց` այո։ Ինչպե՞ս կմեկնաբանեք փաստաբանի հայտարարությունը, պատրաստվո՞ւմ եք արդյոք դիմել Փաստաբանների պալատին` այս հայտարարության առնչությամբ:

– Իհարկե, ոչ (կրկին ժպտում է.- Գ.Ս.): Սուբյեկտիվ կարծիք է հայտնել: Գտնում է, որ դատարանը կողմնակալ մոտեցում է ունեցել, թող ինքնաբացարկի միջնորդություն հայտներ, գտնում է, որ դատարանն օրենք է խախտել և ոչ օրինական, ոչ օբյեկտիվ դատական ակտ է կայացրել, թող դիմի Հատուկ քննչական ծառայությանը` դատավորի նկատմամբ քրեական պատասխանատվության հարց բարձրացնելով:

Գտնում է, որ դատավորն օրենք է խախտել, թող դիմի կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմիններին` արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովին: Ուղղակի մերկապարանոց հայտարարություն անել, թե դատարանն օբյեկտիվ չի եղել, դատարանն ուղղվածություն է ունեցել…Եթե մենք բոլոր նման հայտարարություններին փորձենք արձագանքել, մենք առավոտից երեկո զբաղվելու ենք նման արտահայտություններին պատասխանելով կամ դրանք հերքելով:

– Ի վերջո, սա վտանգավոր հայտարարություն չէ՞: Չէ՞ որ վաղը կարող է մի դատապարտյալ ասել` ես չեմ կատարելու դատական ակտը, քանի որ չեմ վստահում դատարաններին:

– Արսեն Թորոսյանի հայտարարության օրը ես մեկնաբանություններ կարդացի, երբ նույնիսկ արդեն պատիժը կրած մարդն ասում էր` ես որ իմանայի՝ այսպիսի հնարավորություն կար, կասեի` չեմ ընդունում, ու դուրս կգայի ազատազրկման վայրից: Սա ևս ընդամենը ժպիտ է առաջացնում:

– Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործին հետևո՞ւմ եք, հատկապես, երբ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները գտան, որ ապօրինի էր նրա նկատմամբ քրեական հետապնդումը, մինչդեռ ՀՔԾ–ն այս գործը չի կարճում:

– Ճիշտն ասած, չեմ հետևել, չեմ զբաղվել, մամուլով էլ աչքովս չի ընկել: Ուղղակի այս պահին այդ հարցին իրոք պատասխան չունեմ, ոչ թե խուսափում եմ պատասխանից:

– Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը 168.am–ին հարցազրույց էր տվել, որին հետևեց ՀՔԾ-ի արձագանքը, որ հրապարակվեց լրատվամիջոցներից մեկով: Բառացի մեջբերեմ ՀՔԾ-ի հայտարարությունը. «Եթե Ալեքսանդր Ազարյանի բառամթերքով իրեն պատասխանենք, մենք ոչնչով չենք տարբերվի նրանից: Ընդամենը կարող ենք ասել, որ անհավասարակշիռ, անզուսպ և անձնական վիրավորանքների անցած դատավորը շատ վտանգավոր է արդարադատության համար: Վստահեցնում ենք, որ մեր հետագա գործողությունները այսուհետ ևս լինելու են բացառապես իրավական դաշտում»: Համարո՞ւմ եք, որ Ալեքսանդր Ազարյանն անհավասարակշիռ, անզուսպ և անձնական վիրավորանքների անցած դատավոր է:

– Անհավասարակշիռ, անզուսպ և անձնական վիրավորանքների անցած ցանկացած քաղաքացի, դա կլինի պաշտոնատար անձ, դատավոր, ՀՔԾ պետ, տաքսու վարորդ, հանրապետության վարչապետ, նախագահ, բացարձակ նշանակություն չունի: Այդ հատկանիշներով ցանկացած քաղաքացի վտանգավոր է արդարադատության համար:

– Դուք այդ հարցազրույցում Ալեքսանդր Ազարյանի կողմից տեսե՞լ եք անձնական վիրավորանք որևէ մեկի հասցեին:

– Ես չեմ ուզում մեկնաբանել ոչ Ալեքսանդր Ազարյանի բառերը, ոչ Հատուկ քննչական ծառայության մեկնաբանությունները դրա վերաբերյալ: Գտնում եմ, որ ուղղակի հարիր չէ ոչ դատավորին, ոչ ՀՔԾ-ին՝ նման հարթակում հակամարտել:

– Ի դեպ, դատավորն այս հայտարարությանը չի արձագանքել:

– Ուրեմն` բրավո դատավորին:

– Դատարանների ծանրաբեռնվածության մասին շատ է խոսվել: Հարցս առարկայական է, երկու դեպքերի օրինակով: Հանրային հեռուստաընկերության լրագրողներ Սիրանույշ Մուրադյանն ու Լիանա Կարապետյանը դատարան էին դիմել իրենց խախտված իրավունքները վերականգնելու հարցով. նրանք պնդում էին, որ իրենց անհիմն են ազատել աշխատանքից: Վարչական դատարանում դատը նրանք շահել էին, պատասխանող կողմը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան, և դատը նշանակվել է 1,5 տարի հետո: Որքան էլ որ դատարանները ծանրաբեռնված են, արդյո՞ք աշխատանքային խախտված իրավունքների վերաբերյալ հարցն այդքան հետաձգելը նորմալ է:

– Ես չեմ հասկանում այդ «որքան էլ որ դատարանները ծանրաբեռնված են» արտահայտությունը: 8-ժամյա աշխատանքային օր է: Ենթադրենք՝ դատավորն 8 ժամ դատական նիստ է անում: Գործերի քանակը որ բաժանում ենք ժամերի, մենք տեսնում ենք, որ այդ 1,5 տարին էլ շուտ է նշանակված: Ես ինքս չգիտեմ` ինչ անել: Իրավունք խախտվա՞ծ է թե՞ չէ: Միգուցե խախտված է ՄԻԵԴ չափանիշերով, բայց դատավորը ե՞րբ անի այդ նիստը: Աշխատանքային ժամից հետո՞:

– Նույն իրավիճակն է Հայաստանի ժուռնալիստների միության դեպքում: Դատական վեճ կա: Միությունը 19.10.2018 թվականին հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Նոտարական պալատի: 06.11.2019-ին կայացվել է վճիռ, որը Միությունը բողոքարկել է 26.11.2019-ին: 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունվել է վարույթ, և նիստը նշանակվել է 04.02.2021-ին: Այսինքն՝ 1 տարի 3 ամիս հետո պետք է կայանա առաջին դատական նիստը Վերաքննիչ վարչական դատարանում:

– ԲԴԽ-ն դիմել է կառավարություն, խնդրել ենք, որ մեզ ևս 6 հաստիք տրամադրեն Վարչական վերաքննիչ դատարանի համար, որպեսզի այս վիճակը շտկվի: Դատավորների ծանրաբեռնվածությունը թոթափելու առումով միայն հաստիքներ ավելացնելը քիչ է: Էլեկտրոնային արդարադատության մեխանիզմը պետք է աշխատի, և այն, ինչ հնարավոր է լուծել արտադատարանական եղանակով, այդպես պետք է լուծվի: Օրինակ, 5000 դրամ ճանապարհային ոստիկանության ակտի վիճարկումը: Հիմա Դուք ասում եք՝ աշխատանքային իրավունքների հարցով դատական նիստը 1,5 տարի հետո է նշանակվել, մի ուրիշ քաղաքացի էլ ասում է, որ իր համար այդ 5000 դրամն իր ընտանիքի ապրուստի միջոցն է, և ինքն էլ է պահանջում դատը շուտ նշանակել:

– Դատավորների ավելանալու դեպքում բաշխումը կամ վերաբաշխումն ինչպե՞ս է արվելու: Ո՞ր գործերին է առաջնահերթություն տրվելու:

– Մենք օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ ենք պատրաստել: Խնդրելու ենք Արդարադատության նախարարությանը, որպեսզի նրանց հետ քննարկման արդյունքում ներկայացնենք Ազգային ժողով, որպեսզի դատարանների ծանրաբեռնվածության հարցն ինչ-որ կերպ փորձենք լուծել, որովհետև նման պայմաններում խախտվում են և դատավորների աշխատանքային իրավունքները, և քաղաքացիների արդար դատաքննության, և ողջամիտ ժամկետների: Բայց ուրիշ տարբերակ չունենք: Իմ առաջին հանրային ելույթի ժամանակ, երբ դատարաններում առկա խնդիրների մասին էր խոսվում, ես առաջինն ասել եմ` մինչև չբեռնաթափվեն դատարանները, դատական իշխանությունից որակյալ դատական ակտ թող որևէ մեկը չակնկալի: Դատավորը եթե 1,5 տարի իր աշխատանքային գրաֆիկում ազատ օր չունի, ե՞րբ նշանակի այդ նիստը: Դատավորը փորձում է նոր ստացած գործը նշանակել առաջին իսկ ազատ տեղում: Դատական նիստերն այդ սկզբունքով են նշանակվում:

– Բացառո՞ւմ եք, որ դատավորները կարող են դատական նիստերի հերթականությունը նշանակելիս այլ մոտիվներ ունենալ:

– Չեմ բացառում: Ես հեռու եմ այն մտքից, որ մենք ունենք իդեալական և լավ դատական համակարգ: Ոչ, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, և երևի ամենալավն էլ մենք ենք պատկերացնում դրանք ու դրանց լուծման մեխանիզմները: Իհարկե, չեմ բացառում: Հնարավոր է՝ այլ դրդապատճառներ լինեն ինչ-որ մի գործ շուտ կամ ուշ նշանակելու համար, բայց երբ դատավորի վարույթում կա 2000 քաղաքացիական գործ, ինքը շատ մանևրել չի կարող: Լավ, դատավորը տարեկան մոտ 500-600 վերջնական դատական ակտ է հրապարակում: Հիմա եթե մենք այդ մարդուն 2000 կամ ավելի գործերով ենք ծանրաբեռնում, միևնույն է, նա ֆիզիկապես ի վիճակի է լոկ 600 գործ ավարտել: Դատավորը ռետին չէ, չենք կարող նրան անվերջ ձգել ու ստիպել, որ 2000 և ավելի ակտ կայացնի տարեկան:

– Ինչի՞ց է գալիս դատավորների այդ թվի պակասը: Սահմանափակո՞ւմ կա, թե՞ դատական համակարգը գրավիչ չէ:

– Եվ սահմանափակում կա, և չեն գալիս: Աշխատավարձն է ցածր, ծանրաբեռնվածությունը` շատ, քննադատությունը` նույնպես, իսկ պատասխանատվությունը` մեծ: Խնդիրը կոմպլեքսային է, մի պատճառով չէ պայմանավորված:

– Վերջին երկու տարում դատավոր դառնալու համար դիմողների պակաս ունե՞նք: Ի՞նչ վիճակագրություն կա այս առումով:

– Շատ տխուր վիճակագրություն կարող եմ ներկայացնել: Վարչական գործերով մի փոքր բարվոք է վիճակը, քրեականով է շատ սոսկալի ծանր վիճակ: ԲԴԽ-ն մրցույթ էր հայտարարել 13 դատավորով համակարգը համալրելու համար, որ Արդարադատության ակադեմիայում նրանք դասընթացներ անցնեն, ներառվեն ցուցակներում, որ դատավոր նշանակվեն, բայց դիմել էր 3 հոգի, իսկ մրցույթը հաղթահարել էր նրանցից մեկը: Սա նշանակում է, որ մենք մի քանի տարի հետո ունենալու ենք թափուր հաստիքներ, որոնք չենք կարողանալու համալրել: Ավելին ասեմ, այսօր` այս վիճակում, այս ծանրաբեռնվածության պայմաններում մենք ունենք քաղաքացիական գործերով դատավորի երկու թափուր հաստիք, բայց մարդ չկա, որ նշանակենք:

– Դատավոր լինելը միշտ պատվաբեր է եղել, հասարակության մեջ կարգավիճակ է նշանակել, դիրք է ենթադրել, ինչո՞ւ է այսօր դատավորի աշխատանքը դարձել այդքան անհրապույր:

– Որակյալ իրավաբանները խուսափում են դատավոր դառնալ, որովհետև մասնավոր ոլորտում եկամուտներն ավելի բարձր են, և ամենօրյա «հրետանու» տակ չեն, ինչպես դատավորները:

Ո՞ւմ կողմից են դատավորները «հրետանու» տակ:

– Բոլորի` սկսած իշխանությունից, վերջացրած ընդդիմությամբ:

– Բայց այսօր կարծես թե ընդդիմությունն ավելի շատ է պաշտպանում դատական իշխանությանը:

– Դրա մեջ ես քաղաքականություն եմ տեսնում, այլ ոչ թե իրականություն: Ուղղակի իշխանությունն այսօր քննադատում է, հետևաբար՝ ընդդիմությունը պետք է պաշտպանի: Հենց իշխանությունը սկսի գովել դատական համակարգը, ընդդիմությունն է սկսելու քարկոծել: Հիշում եք, չէ՞, իմ այն արտահայտությունը, որ ես հեռու եմ այն մտքից, որ մենք ունենք կատարյալ ու լավ դատական համակարգ: Բայց ես գտնում եմ, որ այս ամենն ինչ-որ քաղաքական նպատակ է հետապնդում` դատական իշխանության հեղինակությունն այսպես արհեստականորեն նվազեցնել, կրկնում եմ, և իշխանության, և ընդդիմության կողմից:

– Պատճա՞ռը…

– Պատճառը չեմ կարողանում հասկանալ:

– Փորձե՞լ եք երկրի ղեկավարի հետ քննարկել ստեղծված իրավիճակը, հասկանալ:

– Իհարկե ոչ: Ի՞նչ քննարկեմ:

– Ասենք` ինչո՞ւ են հետևողականորեն իշխանության բոլոր թևերը ստորացնում դատական համակարգը: Ի վերջո, երկրի ղեկավարը պարտավոր չէ՞ ապահովել իշխանության բոլոր թևերի բնականոն աշխատանքը, վարչապետը, օրինակ…

– Վարչապետը` ոչ: Երկրի նախագահը պետք է ապահովի իշխանության բոլոր թևերի բնականոն գործունեությունը: Քննարկում չի եղել: Եղել է իմ հանրային խոսքը, որ բազմաթիվ անգամներ և հարցազրույցներում եմ ասել, և ԲԴԽ-ն է հայտարարություններով հանդես եկել, որ, առավել ևս, հանրային վստահություն ունեցող անձանց խնդրում ենք զերծ մնալ դատական իշխանության նկատմամբ արվող վիրավորական, քննադատական արտահայտություններից, բայց, ցավոք սրտի, այդ մեր հորդորը որևէ արդյունք չի տալիս: Տեսեք` ինչ է կատարվում: Եվ Դատական օրենսգիրքը, և դատավորի վարքագծի կանոնները դատավորներին պարտադրում են, որ դատավորները քաղաքական զսպվածություն ցուցաբերեն:

Շատ լավ է, և մինչ օրս տեսնում եք, որ բոլոր դատավորներն օրենքի այդ պահանջին հետևում են, բացառությամբ 1-2 դատավորի, որոնք փորձում են քաղաքական կամ կիսաքաղաքական հայտարարություններ անել: Ես չեմ հասկանում` ինչո՞ւ դատավորները պետք է այդ քաղաքական զսպվածությունը դրսևորեն, իսկ հասարակության մյուս անդամները` ոչ: Դա բոլորին է վերաբերում:

Ես չեմ ուզում դաշտը կիսել ընդդիմության և իշխանության: Պատկերացրեք, որ գա մի օր, որ դատավորները որոշեն օրենքի պահանջը չկատարել, և ով ում մասին ինչ մտածում է՝ ասի: Քաոսի կվերածվի: Այնպես որ, ես կոչ եմ անում մեր դատավորներին, որ շարունակեն քաղաքական զսպվածություն դրսևորել և չտրվեն մամուլով կամ սոցցանցերով վիրավորական արտահայտություններին պատասխանելու գայթակղությանը, որովհետև միևնույն է, ինքնապահպանման բնազդը հաղթելու է, ու մի օր այս ամենը շտկվելու է: Եվ այն մարդիկ, ովքեր վիրավորական արտահայտություններ են գրում կամ հնչեցնում դատավորի հասցեին, ինչ-որ մի պահի դադարելու են դա անել:

– Այդ մարդիկ գիտեն, որ իրենք կարող են միտումնավոր, թիրախավորված վիրավորել դատավորներին, որովհետև մեկ է, պատասխան չեն ստանալու: Բայց չէ՞ որ այդպիսով հասարակական տրամադրություններ են ձևավորվում, որովհետև եթե մի բանն անընդհատ կրկնում ես, մարդկանց գիտակցության մեջ այն արմատանում է:

– Ընդ որում, դա աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Հիմա նույնիսկ այն մարդը, ով երբևէ դատարանի ոչ տեղն է իմացել, ոչ շփվել է, ոչ որևէ առնչություն է ունեցել դատարանի հետ, երբ նրան հարցնում ես` ամենաշատն ո՞ւմ չես վստահում, ասում են՝ սկզբից՝ մամուլին, հետո՝ դատարաններին: Այսինքն` վստահելիների ցուցակում նախավերջին տեղում դատարաններն են, վերջինում` մամուլը:

– ԲԴԽ–ն այսօր երկու անդամներով համալրված չէ: Դա խնդիր չի՞ առաջացնում:

– Առաջացնում է այնքանով, որքանով, եթե, Աստված մի արասցե, երբ անդամներից, օրինակ, երկուսը հիվանդանում կամ արձակուրդում են գտնվում է, քվորում չենք ունենում: Լավ կլինի, իհարկե, որ համալրված լինի: Այդ առումով խնդիր առաջացնում է: Իսկ ընդհանուր առմամբ ես չգիտեմ` ինչ է նշանակում՝ 10 անդամով աշխատել: Երբ ես ԲԴԽ նախագահ եմ ընտրվել, անդամների թիվը 8 է եղել, այդպես էլ շարունակվում է: Մինչև այսօր խնդիր դա չի առաջացրել:

– Իշխանությունն իր իսկ առաջադրած թեկնածուին` Աննա Մարգարյանին, ինչո՞ւ չընտրեց՝ ըստ Ձեզ:

– Ես ինչպե՞ս կարող եմ պատասխանել Ազգային ժողովի փոխարեն: Փակ գաղտնի քվեարկություն է եղել: Դուք պատկերացրեք, եթե ես այդ հարցին պատասխանեի, չէի՞ք ասի` այս ի՞նչ իրավունք է վերապահում իրեն:

– Բարձրագույն դատական խորհրդի, կոնկրետ այդ սահմանադրական մարմնի կամ Ձեր նկատմամբ որևէ տեղից կամ թևից ճնշում զգո՞ւմ եք:

– Միանշանակ՝ ոչ: Որևէ ճնշում ԲԴԽ-ի նկատմամբ չկա:

Ազա՞տ եք Ձեր որոշումների, հայտարարությունների մեջ:

– Միանշանակ ազատ ենք այդ առումով: Ուրիշ հարց է, թե մեզ ճնշված զգո՞ւմ ենք, թե՞ ոչ: Այո, ճնշված ենք ատելության խոսքի ծավալներով: Ընդ որում, շատ դեպքերում` տգետ, իրականությունից հեռու, առանց քաղաքական հոտառության արտահայտություններ են արվում, որոնց շատ հեշտ է պատասխանել ու շատ հեշտ է դրանք հերքել, նման մարդկանց նույն բառամթերքով հակադարձել, բայց ուղղակի մենք մեզ թույլ չենք տալիս օգտագործել այն բառակազմը, որը մեր նկատմամբ է օգտագործվում:

– Տեսնում ենք, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հայտարարությունները, հատուկ կարծիքը հակասության մեջ են մտնում ԲԴԽ որդեգրած քաղաքական զսպվածության, կոռեկտության, սահմանադրական մեկ այլ մարմնի վերաբերյալ կարծիք, տեսակետ չհայտնելու մոտեցման հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տարբերվող մոտեցումը:

– Բարձրագույն դատական խորհուրդը, համենայն դեպս, այս կազմով աշխատելիս հետևյալ քաղաքականությունն է որդեգրել` կարծիքների բազմազանություն, թափանցիկություն: ԲԴԽ ցանկացած անդամ ազատ է իր կարծիքը հայտնել, իր ուզած ձևով քվեարկել: Որոշումներ կայացնելիս մենք կուլիսային պայմանավորվածություններ ձեռք չենք բերում: Երբ որ ԲԴԽ-ն հեռանում է խորհրդակցական սենյակ, կամ քննարկումը սկսվում է, մեզ մոտ, այսպես ասած, ճակատամարտ է սկսվում, կարծիքներ են բախվում, բայց երբ մենք դուրս ենք գալիս այդ սենյակից, մենք նորմալ աշխատանքային, շատ դեպքերում՝ նույնիսկ ընկերական հարաբերություններն ենք պահպանում: Յուրաքանչյուր բախում մնում է խորհրդակցական սենյակում: ԲԴԽ յուրաքանչյուր անդամ, ինչպես ասացի, այդ թվում` Հայկ Հովհաննիսյանը, ազատ է ներկայացնել հատուկ կարծիք կամ տեսակետ, որը չի համապատասխանում մյուսների կարծիքին: Ընդամենը դա: Իսկ Հայկ Հովհաննիսյանի հատուկ կարծիքին գնահատական տալու ես ոչ իրավունք ունեմ, ոչ ցանկություն:

– Ձեր հարաբերություններն աշխատանքայի՞ն են:

– Հարաբերությունները զուտ աշխատանքային են, նորմալ, մարդկային:

Հ.Գ. Ի դեպ, ԲԴԽ շենք մտնող մարդկանց անցագրային կետում սպասում էր ձեռնոց և դիմակ ներառող փաթեթ և ալկոգելային սարքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում