Ադրբեջանից բռնագաղթած 20 փախստականների հանձնվել են բնակարանի գնման վկայագրեր

Ադրբեջանից բռնագաղթած 20 փախստականների հանձնվել են բնակարանի գնման վկայագրեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.amԲնակարանի գնման ևս 20 վկայագրեր հանձնվեցին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունից:

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցներն անձամբ են վկայագրերը հասցրել քաղաքացիներին։

2019թ. նոյեմբերի 21-ին Կառավարությունն ընդունեց «ՀՀ 2019թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշումները։

Այդպիսով, Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվում են բնակարանի գնման վկայականներ։ Մասնավորապես, ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։

1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման աշխատանքները, հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը, տարանջատվել են ըստ առաջնահերթության: ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն առաջնորդվել է ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ), և ընդգրկել է մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները: Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում