Տիգրան Աբրահամյան. Միջնորդների երկրորդ հայտարարությունը պատահական չեմ համարում

Տիգրան Աբրահամյան. Միջնորդների երկրորդ հայտարարությունը պատահական չեմ համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Ադրբեջանը բազմիցս խախտել է պայմանավորվածությունը դիտորդներին առաջին գիծ դուրս բերելու հարցում, ինչը մեծամասամբ պայմանավորված է եղել առաջնագծում մեծածավալ աշխատանքների իրականացմամբ, որոշ դեպքերում՝ ծանր տեխնիկայի առկայությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի՝ ռազմական գծով խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով շփման գծում մոնիտորինագին դիտարկումները անորոշ ժամանակով կասեցնելու վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հայտարարությանը։

Նրա խոսքով, նման որոշման պատճառները ընկալելի են, վստահեցնում է՝ ՊԲ-ն շարունակում է պատշաճ ձևով իր ծառայության իրականացումը, պատրաստ կանխելու հակառակորդի ցանկացած սադրանք:

Հիշեցնենք, որ հայտարարությունը ԵԱՀԿ պաշտոնական էջում հրապարակվեց մարտի 18-ին, որպես պատճառ նշվեց կորոնավիրուսի տարածմամաբ պայմանավորված միջազգային սահմանների փակումը, ճանապարհորդության սահմանափակումները միջազգային և տեղական անձնակազմի համար։

Այս հայտարարությանը հետևեց ևս մեկը, որով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին վերահաստատել հրադադարը խստորեն պահպանելու իրենց հանձնառությունը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է ավելի մեծացնել լարվածությունն այս ժամանակահատվածում:

Տիգրան Աբրահամյանը միջնորդների երկրորդ հայտարարությունը պատահական չի համարում:

«Վերջիններս այս տասնամյակների ընթացքում կողմերի հետ աշխատանքի մեծ փորձ են կուտակել և լավ գիտեն, թե ինչի է ընդունակ Ադրբեջանը նույնիսկ համաշխարհային նշանակություն ձեռք բերած առողջապահական այս սպառնալիքների ժամանակահատվածում: Եթե նույնիսկ այս իրավիճակում Ադրբեջանը արկածախնդրության դիմի, ապա հավաստիացնում եմ, որ ՊԲ-ն իվիճակի է իր մարտական խնդիրը լուծել և հակառակորդի ստեղծած սպառնալիքները չեզոքացնել»,-ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում