«Իրատես»․ Այս իշխանությունը ճիշտ բառամթերք կիրառելու հետ կապված խնդիր ունի

«Իրատես»․ Այս իշխանությունը ճիշտ բառամթերք կիրառելու հետ կապված խնդիր ունի

«Ընդհանրապես այս իշխանությունը խոսքը կառուցելու, ճիշտ բառամթերք օգտագործելու հետ կապված խնդիր ունի, մեկ իրենց միտքը համեմում են փռել-ծեփելով, թաթիկներ կտրելով, ոտքեր լիզելով, երեկ էլ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանը մարդկանց գլուխը կտրելով էր սպառնում:

«Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու»,- երեկ ինքնավստահ ասաց Մարությանը: Բայց մինչ կոռուպցիայի դեմ նման «հումանիտար» պայքար մղելը, նախ սեփական գլուխը պիտի «ապահովագրել» այնպիսի խնդիրներից, որոնցից կոռուպցիայի հոտ է գալիս: Օրինակ՝ առանց մրցույթի ասֆալտապատում, Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի թերակատարում, որոնց մասին երեկ բարձրաձայնեցին Երևանի ավագանու ԼՀԿ խմբակցության անդամները, ինչպես նաև մի շարք անկատար խոստումների առկայություն:

«Նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման համար Երևանի ավագանին նախատեսել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ սրտով ենք այս կատարողականին կողմ քվեարկելու, եթե կատարվել է նախատեսված գումարից ընդամենը 125 մլն դրամը, որը կազմում է տասը տոկոսը՝ տարեկան ճշտվածի և 8,97 տոկոսը՝ հաստատվածի:

Այսինքն՝ մենք ունենք 90 և ավել տոկոս թերակատարում, ինչը նշանակում է, որ մեր հարկատուները վճարել են, որ 2019-ի համար մանկապարտեզներ վերանորոգենք, և մենք այդ գումարից ծախսել ենք ընդամենը 10 տկոսը, աշխատանքը մնացել է: Մանկապարտեզների գույքի համալրման աշխատանքի կեսից ավելին չի կատարվել, պետք է ծախսվեր 150 մլն դրամ, ձեռք բերվեր գույք, սակայն դրա կեսն է ձեռք բերվել»,- հայտարարեց Երևանի ավագանու ԼՀԿ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` նշելով բյուջեի կատարողականների մյուս ցածր ցուցանիշները։

Ի դեպ, Հայկ Մարությանը, որ իրեն շատ լավ է զգացել նախկինների ժամանակ, այսօր հավատարիմ է օրվա իշխանության ոգուն, սեփական սխալների համար վահան է դարձնում քաղաքային նախկին իշխանություններին: Երբ ընդդիմախոսները հիշեցրին նրան առանց մրցույթի ասֆալտապատման մասին, վերջինս զայրացավ. «Պարոն Խաժակյան, այդպիսի բաներ տեղի էր ունենում Ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի, Տարոն Մարգարյանի ժամանակ և այլ տարբեր քաղաքապետերի և փոխքաղաքապետերի ժամանակ, այո, այդպիսի բաներ տեղի էին ունենում, դրա համար Ձեր մտքով անցնում է, որ հիմա էլ են կատարվում: Էն ժամանակ կատարվում էին այդպիսի բաներ, հիմա այդպիսի բաներ չեն կարող կատարվել: Միգուցե կուզեիք, որ Դուք լինեիք քաղաքապետ, որ այդպիսի բաներ կատարվեին, բայց քանի ես եմ քաղաքապետը, այդպիսի բաներ չեն կարող կատարվել»: Բնականաբար, «տակ» չմնաց Դավիթ Խաժակյանը. «Դուք անտեղյակ եք խնդրից։ Ես որքան սիրում եմ Վահե Նիկոյանին և Տարոն Մարգարյանին, այդքան էլ, հավաստիացնում եմ, որ Ձեզ եմ սիրում, խնդրում եմ, որևէ մեկի նկատմամբ խանդով չվերաբերվեք, հանրությունը և Դուք գիտեք, թե Ձեզ որքան շատ եմ համակրում: Եվ այս մասով, երբ համեմատում եք, միշտ իմացեք, որ ես հարթությունները հավասարաչափ եմ դնում՝ թե՛ պրոֆեսիոնալիզմի առումով, թե՛ ինչ-որ բաներ շրջանցելու առումով: Ես հասկացա, որ Դուք փոքր-ինչ սրտնեղեցիք, որ ակնարկեցի, թե գուցե ինչ-որ ոչ օրինական բաներ կան, բայց կարծում եմ՝ Ձեր հիշողությունը գոնե մեկ տարվա կտրվածքով թույլ կտա հիշել Ձեր կոմունալ վարչության պետին, ում Դուք էիք անձամբ բերել այս շենք և անձամբ էիք նշանակել, ում հայտարարած մրցույթները Դուք էիք հաստատել, ում քրոջ որդին հաղթել էր երկու մրցույթ, և Դուք ազատել էիք նրան աշխատանքից, երբ դա հասու էր դարձել մամուլին»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում