Ո՞ւմ կընտրեն արցախցիները

Ո՞ւմ կընտրեն արցախցիները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Times.amՄիշտ գայթակղիչ է տրվել այն մտայնությանը, որ ընտրողները ոչ թե թեկնածուների ծրագրերն են կարդում, այլ անհատների են ընտրում։ Արցախյան ընտրությունների դեպքում, կարծես թե, այս գայթակղությանը տրվելը անխուսափելի է։

Արցախում արդեն մոտ չորս շաբաթ ընտրական քարոզարշավ է ընթանում։ Նախքան քարոզաշավի մեկնարկը արդեն պարզ էր, թե ում միջև է ընթանալու հիմնական պայքարը։ Սա պայմանավարված է առաջին հերթին որոշ թեկնածուների բարձր հեղինակությամբ, ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներով։

Այդ նույն թեկնածուները հաճախ կոչ են անում ժողովրդին ընտրել ըստ ծրագրերի։ Սա ենթադրում է, որ իրենք՝ թեկնածուները, երկրորդական են և կարևոր է այն ամենը, ինչը գրված է թղթին։ Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, թե նախագահի 14 թեկնածուների ծրագրերը ինչով պետք է տարբերվեն մեկը մյուսից։ Մոտ 140 հազար բնակչություն ունեցող պետության համար նման բազմազանություն ապահովելը նույնիսկ տեսականորեն է բարդ։ Խնդիրները բոլորին պարզ են․ անվտանգություն, սոցիալ-տնտեսական վիճակ, արդարության պակաս և այլն։ Իսկ լուծումներին հասնելու ճանապարհները նույնպես շատ չեն տարբերվում մեկը մյուսից։ Ըստ էության, թեկնածուների ծրագրերը հիմնական բաղադրիչներով նման են իրար։ Անգամ որոշ հարցերում թեկնածուները, կարծես, կրկնում են մեկը մյուսին։ Օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության ապագայի մասին մրցակից ուժերը ունեն գրեթե նույնատիպ մոտեցումներ․ Արցախի եղած սահմանների միջազգային ճանաչում, բանակցություններում Արցախի ներգրավվում, տարածքների զիջման անընդունելիություն, միացում Մայր Հայաստանին և այլն։ Այնպես որ, թեկնածուների՝ ծրագրերով առաջնորդվելու կոչերը կարելի է ընդունել որոշ վերապահումներով։

Իրականում տարբեր են ոչ թե ծրագրերը, այլ թեկնածուները՝ իրենց կերպարներով և կենսագրությամբ։ Քաղաքականությունը բյուղեղացել է հենց անձերի մեջ: Իրենք են դարձել քաղաքականություն՝ իրենց անցյալով և ներկայով։ Թեկնածուներից մեկի մեջ կարելի է տեսնել անզիջում գեներալի, մյուսի մեջ՝ հաջողակ գործարարի կամ պրոֆեսիոնալ կառավարչի և այդպես շարունակ։ Թեկնածուները իրենց քարոզարշավը կառուցում են հենց իրենց կերպարների կամ նախկին հաջողությունների վրա։ Ապագան, որը նրանք առաջարկում են, լինելու է վերահաստատումը իրենց իսկ հաջողությունների։ Ընդ որում, այս կերպարները շատ հստակ են տարբերվում իրարից և դժվար է գտնել մեկին, ով մեկտեղում է այլոց կենսագրութունները։

Այսպիսով, Արցախում մի կողմից կա ծրագրերի նմանություն՝ պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով, մյուս կողմից կան մեկը մյուսին չկրկնող անհատներ՝ իրենց անցած ճանապարհով, հաջողություններով և անհաջողություններով։ Հետևապես, արցախցին ընտրությունը կատարելու է տարբեր կենսագրություններ բյուրեղացրած անհատների միջև, որից նաև պարզ կլինի, թե ինչն են կարևորում ընտրողները Արցախում: Եթե փորձենք երեք մեծ խմբերի բաժանել հանրային պահանջները, ապա դրանք կլինեն անվտանգությունը, բարեկեցությունը և արդարությունը: Հասկանալի է, որ անվտանգությունը համար մեկ պահանջն է: Սակայն մյուս կողմից այդ անվտագությունը այս տարիների ընթացքում հաջողվել է ապահովել և առաջ են եկել նոր պահանջներ՝ ունենալ ավելի բարեկեցիկ կյանք և արդար հասարակություն: Սակայն ո՞րն է ավելի կարևոր կամ արդյո՞ք կա թեկնածու, որը կկարողնա ապահովել այդ երեքը։ Գուցե այս հարցերի պատասխանը հասկանալով՝ կարող ենք ասել՝ թե ում կընտրեն արցախցիները:

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում