Չեխիայում երկշաբաթյա համազգային կարանտին է հայտարարվել

Չեխիայում երկշաբաթյա համազգային կարանտին է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amՉեխիայի կառավարությունը որոշել է երկրում համազգային կարանտին հայտարարել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` վկայակոչելով Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին:

Վարչապետը հայտարարել է, որ կարանտինն ուժի մեջ է մտնում մարտի 16-ի ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով 03:00-ից)` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և հիվանդների ու առողջների շփումները սահմանափակելու նպատակով:

Կարանտինը կտևի երկու շաբաթ:

«Մենք որոշում ենք ընդունել սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը և հակազդել կորոնավիրուսի տարածմանը»,-ասել է Բաբիշը:

Կարանտինի ռեժիմի համաձայն՝ չեխական քաղաքների փողոցներում թույլ կտրվի գտնվել սահմանափակ քանակությամբ մարդկանց: Քաղաքացիներին կոչ է արվում շփման ժամանակ իրարից երկու մետր տարածություն պահպանել:

Ոստիկանությունը խստորեն վերահսկելու է կարանտինի պայմանների կատարումը, խախտողների համար նախատեսված են տուգանքներ:

Վերջին տվյալների համաձայն՝ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 253 դեպք: Երկու մարդ գտնվում է ծանր վիճակում, երկուսն էլ տաքսու վարորդներ են:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում