Կառավարության գործունեությունը խոսում է խնդրին անլուրջ մոտենալու մասին. տնտեսագետ

Կառավարության գործունեությունը խոսում է խնդրին անլուրջ մոտենալու մասին. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.amԿորոնավիրուսով պայմանավորված տնտեսական վտանգների մասին Tert.am-ը զրուցել է տնտեսագետ, ԳՀԴ ԳՄ Էկոնոմիկայի և ֆինանսների նախագահ Արմեն Գրիգորյանի հետ: Նրա կարծիքով մեր կառավարությունը առկա մարտահրավերներին հակազդելու ո՛չ առողջապահական, ոչ էլ տնտեսական քայլեր չի անում:

Պարոն Գրիգորյան, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա նավթի և պղնձի գների անկումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ամենաշատը պղնձի հումք է արտահանում, և 2019թ. պղնձի հումքի արտահանման ծավալները 30 տոկոսով աճել էին։ Վերջապես, ի՞նչ հետևանք կարող է ունենալ ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա:

Սկզբի համար պետք է ասեմ, որ Ձեր նշած երեք կոմպոնենտները պետք է գնահատել առանձին: Դիցուք, պղնձի դեպքում 2019թ. նախորդ տարվա նկատմամբ արդյունահանվել է շուրջ 82.6 հազար տոննա պղնձի խտանյութ: Պատկերը նույն է ոչ միայն պղնձի, այլև ցինկի և մոլիբդենի խտանյութերի արդյունահանման պարագայում: Սա նույնպես մտահոգիչ է: Ինչևէ, ըստ էության, առկա է մի վիճակ, որտեղ ունենք մեծ ծավալների արտահանում և ցածր գներ: Տնտեսագիտական գիտելիքներ անհրաժեշտ չէ, որ հասկանանք՝ ընդերքից հանվել է շատ և դրա դիմաց կստացվի քիչ եկամուտ: Սա կազդի արդյո՞ք, իհարկե, կունենա բացասական ազդեցություն: Նավթի գների անկումն էլ ունի իր պատճառները՝ քաղաքական և տնտեսական: Քաղաքականը հիմնականում կապված է նավթարդյունահանող մի շարք երկրների նկատմամբ պատժամիջոցներից: Տնտեսական կոմպոնենտը կապված է նաև կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժերի նվազումով, նվազել է սպառումը, պահանջարկը թուլացել է: Մյուս կողմից պետք է հստակ ընդգծել, որ Հայաստանը հանդիսանում է նավթամթերք ներմուծող երկիր, ուստի պետք է նավթի գնանկումն իր դրսևորումներն ունենա նաև մեր երկրում ձևավորված գների վրա, ինչը դեռևս նկատելի չէ: Հայաստանը, լինելով Ռուսաստանի գործընկերը և ունենալով սերտ տնտեսական կապեր, անմասն չէ ռուբլու փոխարժեքի անկման ազդեցությունից: Մեր երկրից բազմաթիվ են ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները, ովքեր կկրեն ֆինանսական վնասներ: Բացի դա՝ վնասներ կկրի նաև հայաստանյան բիզնեսը, քանի որ ՀՀ-ից ՌԴ արտահանումների ուղեկցող փաստաթղթերը դուրս են գրվում նաև ռուբլով: Ուստի, վճարման և փոխանակման ընթացքում փոխարժեքային անկայունությունները բացասաբար են ազդում:

Իրանի հետ սահմանն է փակ, հիմա էլ Վրաստանը, սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ, արդյո՞ք կառավարությունը կատարում է առկա մարտահրավերներին հակազդելու քայլեր։

-Ցանկացած երկրի տնտեսության համար վատ է, երբ փակվում են սահմանները, հատկապես մեր նման երկրների համար: Մենք մեր հարևաններից բարեկամական հարաբերություններ ունենք Իրանի և Վրաստանի հետ: Որքան երկար փակ մնա, այնքան ազդեցությունը մեծ կլինի: Հուսով եմ, որ վիրուսի տարածման կանխարգելման այս միջոցառումները երկար չեն տևի: Մեր կառավարությունն առկա մարտահրավերներին հակազդելու ո՛չ առողջապահական, ոչ էլ տնտեսական քայլեր չի անում: Երբ ամբողջ աշխարհը վիրուսի տարածման դեմն առնելու հնարավորություններ ու ելքեր է փնտրում, մեր կառավարությունը նախաձեռնել է հանրաքվե, կազմակերպում է հանրահավաքներ, մարդկանց հավաքում իրար գլխի ու հայտարարում՝ այս վիրուսից հնարավոր է տնտեսական օգուտներ ունենալ: Մարտահրավերներն այլ կերպ են մեկնաբանվում, թիրախները սխալ են և անօգուտ:

Այո, վարչապետը հայտարարեց, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար, բացի խնդիրներից կբացի նաև հնարավորություններ, Դուք նման հնարավորություններ տեսնո՞ւմ եք. վարչապետը դա պայմանավորեց համաշխարհային շուկայում հնարավոր վերադասավորումներով:

Ի՞նչ հնարավորության մասին է խոսքը: Կորոնավիրուսը աղետ է դարձել ամբողջ աշխարհի համար: Եթե դրանից ազատվելու խնդիր ձևակերպեին, պետական քաղաքական պատվեր իջեցնեին ՀՀ ԳԱԱ-ին, ներգրավվեին մասնագիտական շրջանակներին, տրամադրվեր բյուջե և սահմանվեր սպասվող արդյունքը, ապա կասեի՝ կա այդպիսի հնարավորություն: Իսկ մեր իշխանություններն այլ կերպ են մոտենում՝ ԳԱԱ-ն հարվածի տակ է, հնչել են բազմաթիվ անարձագանք-մտահոգություններ, հրամանները տալիս են համացանցով: Առհասարակ սկսել են պետությունը կառավարել համացանցով: Ես իսկապես չգիտեմ, թե վարչապետն ինչ է նկատի ունեցել՝ ասելով հնարավորություն և համաշխարհային շուկայի վերադասավորումներ:

Առաջարկ եղավ բանկերում վարկերը սառեցնել երեք ամսով, ի՞նչ կարծիք ունեք այս առաջարկի մասին:

Շատ ճիշտ առաջարկ են արել, ոչ թե երեք ամսով, այլ ավելի երկար ժամկետով է պետք: Մարդկանց հիմա պետք է ազատել բանկեր այցելելու պարտականություններից, սահմանափակել շփումները: Արդեն կա բանկ և վարկային կազմակերպություն, որոնք սահմանել են այսպես ասած վարկային արձակուրդ: Սա ողջունելի նախաձեռնություն է: Այստեղ իր կտրուկ խոսքը պետք է ասեր ԿԲ-ն: Կենտրոնական բանկն անդրադարձել է՝ կոչ անելով անցնել վճարումների անկանխիկ առցանց համակարգին և հորդորել է, որ վարկառուների և բանկերի միջև կապ ստեղծվի, որ հետագայում խնդիրներ չծագեն: Բայց պետք է խնդիրը լուծել կոնկրետ գործիքով: Մարզաբնակ մեր հայրենակիցները գտնվում են վարկերի ծանրության տակ և նրանց գերակշռող մասը հնարավորություն չունի օգտվել առցանց համակարգերից: Այնպես որ, այս խնդրի լուծումը նույնպես իշխանությունների կողմից վարվող քաղաքականության տիրույթում է:

Կարանտին պե՞տք է հայտարարվի, թե ոչ:

Կարանտին պետք է լիներ, չպետք է թույլ տրվեր կորոնավիրուսի անկանխատեսելի տարածումը: ՀՀ ժամանած բոլորին պետք է մեկուսացնեին, ոչ թե ասեին՝ գնացեք, ինքնամեկուսացեք: Ինչպես մասնագետներն են ասում, այդ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և Իտալիայի չվերթից անցել է ավելի քան մեկ շաբաթ, բայց այդ չվերթի հետ կապ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են ի հայտ գալիս: Այսինքն՝ վարակի գաղտնի շրջանում գտնվողների շրջանակը ավելի է մեծացել, ինչը կարծում եմ, ցավոք սրտի, նորից ի հայտ կգա, երբ անցնի որոշակի ժամանակ: Սա խոսում է խնդրին անլրջությամբ մոտենալու մասին: Բոլորն են հիշում, թե ինչպիսի հայտարարություններ էին հնչում իշխանության պատասխանատու ներկայացուցիչներից, երբ դեռ չկային դեպքեր, բայց առաջին դեպքերի հետ միանգամից երևաց իշխանության անպատրաստ լինելը: Ինչևէ առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին և օգտվելով առիթից կոչ եմ անում առանց խուճապի գործել ինչպես ասում են մասնագետները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում