Չինաստանում կորոնավիրուսի «ներկրված» դեպքերն առաջին անգամ գերազանցել են երկրի ներսում գրանցված դեպքերին

Չինաստանում կորոնավիրուսի «ներկրված» դեպքերն առաջին անգամ գերազանցել են երկրի ներսում գրանցված դեպքերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.amՉինաստանում կորոնավիրուսի «ներկրված» դեպքերն առաջին անգամ գերազանցել են երկրի ներսում գրանցված դեպքերին, ցույց են տվել Առողջապահության ազգային հանձնաժողովի կողմից հրապարակած տվյալները, հաղորդում է The Guardian-ը:

Ուրբաթ օրը Չինաստանում գրանցվել է վարակի 11 նոր դեպք մեկ օր առաջ գրանցված ութ դեպքերի համեմատ, սակայն հաստատված դեպքերի միայն չորսն են փոխանցվել երկրի ներսում:

Մնացած յոթը, այդ թվում՝ չորսը Շանհայում, մեկը՝ Պեկինում և երկուսը՝ Գանսու հյուսիսարևմտյան նահանգում, հայտնաբերվել են արտերկրից Չինաստան ժամանած ճանապարհորդների մոտ, մասնավորապես՝ Իտալիայից, Միացյալ Նահանգներից և Սաուդյան Արաբիայից: Այս մասին վկայում են տեղական իշխանությունների տվյալները:

Աղբյուրը գրում է, որ Չինաստանը, որտեղ կորոնավիրուսը բռնկվել էր դեկտեմբերին, այժմ, ըստ երևույթին, կանգնած է վարակի տարածման ավելի մեծ սպառնալիքի առաջ, քանի որ երկրի ներսում վիրուսի տարածումը գրեթե զրոյական մակարդակի է հասել, փոխարենը՝ մեծացել է այլ երկրներից Չինաստան ներթափանցելու սպառնալիքը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում