Դադարեցնել բոլոր պլանային վիրահատության դեպքերը և խիստ սահմանափակել քաղաքացիների այցելությունները հիվանդներին

Դադարեցնել բոլոր պլանային վիրահատության դեպքերը և խիստ սահմանափակել քաղաքացիների այցելությունները հիվանդներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Times.am: Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ենթակա բուժհիմնարկների գործադիր տնօրենների ու նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքէջից։

Նշվում է, որ խորհրդակցությունը կապված էր նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու կապակցությամբ համակարգի կողմից իրականացվող ու հետագայում իրականացվելիք գործառույթների հետ։

«Հանձնարարվել է բուժհիմնարկների գործադիր տնօրեններին պարբերաբար իրազեկել հանրապետության բնակչությանը ինչ է կորոնավիրուսը և ինչպես պաշտպանվել նրանից ու հորդորել պահպանել հիգիենայի կանոնները։ Բուժհիմնարկներում դադարեցնել բոլոր պլանային վիրահատության դեպքերը և խիստ սահմանափակել քաղաքացիների այցելությունները հիվանդներին, դադարեցնել երկրորդնային գնումները և ֆինանսական միջոցները ուղղել միայն դեղերի, ախտահանիչ նյութերի, բժշկական նշանակության ապրանքների ու պարագաների ձեռք բերմանը և այն օգտագործել խիստ խնայողաբար:

Քննարկվել են բազմաթիվ հարցեր ուղղված Նոր կորոնավիրուսի դեմ իրականացվող կանխարգելիչ աշխատանքներին, ևս մեկ անգամ հստակեցվել են կասկածվող հիվանդների հետ տարվող աշխատանքները՝ սկսած նմուշառումից, ախտորոշումից, մեկուսացումից մինչև անհրաժեշտ բուժօգնության կազմակերպում ու կասկածելի հիվանդների շփման շրջանակների ճշգրտում ու բժշկական վերահսկում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է, որ Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել և հորդորում բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում