Մենք հրաժարականներ ներկայացրինք, որովհետև Կառավարությունն իր որոշմամբ՝ մեզ դրեց փակուղու մեջ (տեսանյութ)

Մենք հրաժարականներ ներկայացրինք, որովհետև Կառավարությունն իր որոշմամբ՝ մեզ դրեց փակուղու մեջ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.am: Մենք դեռ անցած տարվա սկզբին ենք իմացել, որ կա գաղափար՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը միացնել Նորքի ինֆեկցիոնին, որից հետո մենք դիմեցինք նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի կազմակերպվի մասնագիտական քննարկում:

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի «Համաճարակաբանության հսկողության» բաժնի արդեն նախկին վարիչ Արշակ Պապոյանն՝ անդրադառնալով կենտորնը Նորքի ինֆեկցիոնին միացնելու որոշմանը:

Նա նշել է, որ այդ պահից սկսած՝ իրենց դիմումը մնացել է անպատասխան, որից հետո դիմել են վարչապետին, որը ևս ուղարկվել է ԱՆ:

Ըստ մասնագետի՝ նախարարության կողմից առաջ քաշված հիմնավորումները հիմնազուրկ են. «Ասում են՝ միացումից հետո սպասարկման որակը կբարձրանա, ու մենք հարց ենք տալիս՝ ի՞նչը հիմա որակով չի արվում և ո՞ր ծառայության որակն եք ուզում բարձրացնել»:

Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում նախարարությունը, որ գնում է նման քայլի, Արշակ Պապոյանն ասել է, որ իրենք վստահ չեն՝ ինչ նպատակներ են հետապնդում, բայց նմանատիպ քայլերը չեն կարող լինել ինքնանպատակ:

Խոսելով աշխատանքից ազատման դիմում գրելու մասին՝ հաղորդման մյուս հյուրը՝ «Բժշկական օգնության և սպասարկման» բաժնի վարիչ Արշակ Ասմարյան ասել է. «Պահն արդեն հասունացել էր, քանի որ նման որոշում կայացնելուց առաջ մասնագետների հետ ոչ ոք չէր խոսել: Այս իշխանությունը կենտրոնը փակելուց առաջ ռիսկերը չի գնահատել»:

Հարցին՝ ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, Ասմարյանն ասել է. «Շատերի մոտ կա թյուրըմբռնում, որ մեր կենտրոնը պարզապես դեղ տալու տեղ է, մինչդեռ տարիների աշխատանքի շնորհիվ մենք այն դարձրել ենք հզոր կառույց»:

Բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը, ի հավելումն գործընկերոջ խոսքին, նշել է. «Մենք հրաժարականներ ներկայացրինք, որովհետև Կառավարությունն իր որոշմամբ՝ մեզ դրեց փակուղու մեջ»:

Լրացնելով գործընկերոջ խոսքը՝ Արշակ Ասմարյանն ասել է, որ հենց սկզբից իրենց համար պարզ է եղել, որ խնդիրը տնօրենի հարցը չէ և ասյտեղ ավելի խորքային հարցեր կան:

Մասնագետները պնդում են, որ իրենք դեռ շարունակելու են իրենց պայքարը, որովհետև իրենց գործողությունները ո՛չ կապրիզ են, ո՛չ սաբոտաժ. «Մենք ունենք մեր մասնագիտական դիրքորոշումը: Մենք գիտենք բոլոր հետևանքները, որոնց կհանգեցնի միացումը, դրա համար էլ մենք չենք ուզում այդ հետևանքների համար պատասխանատվությու կրել»,- ասել է Արշակ Պապոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում