Ադրբեջանական կողմի սադրանքները ևս մեկ անգամ վկայում են, որ դրանք ուղղված են անկայունության գոտու ընդլայնմանը. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանական կողմի սադրանքները ևս մեկ անգամ վկայում են, որ դրանք ուղղված են անկայունության գոտու ընդլայնմանը. Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Times.amՀայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ՝ ս.թ. մարտի 11 մեկնաբանության հետ կապված Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է.

Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ և ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը:

Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը պարունակում է մեղադրանքներ, որոնք միտումնավոր աղավաղում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապերը: Հակամարտությունը ծագել է Արցախի ժողովրդի՝ իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ ձգտումն ուժի միջոցով ճնշելու Ադրբեջանի փորձերի արդյունքում: Սկզբից, նպատակ ունենալով ահաբեկել արցախցիներին, ադրբեջանական իշխանությունները Սումգայիթում, Բաքվում, Մինգեչաուրում և Ադրբեջանի այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում ծրագրել և իրականացրել են հայ բնակչության կոտորածներ, էթնիկ զտումներ և տեղահանություն։ Չկարողանալով կոտրել արցախցիների կամքի ուժը՝ Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին տոտալ պատերազմ՝ ոչնչացնելու Արցախի Հանրապետությունն ու նրա բնակչությունը։ Այս պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների և դրանց հետևողական էսկալացիայի նախաձեռնող:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի ժողովուրդի իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կամենում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, որը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է:

Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում