Ո՞վ ավելի մեծ շանս ունի Թուրքիայի նախագահ դառնալու․ սոցհարցում (լուսանկար)

Ո՞վ ավելի մեծ շանս ունի Թուրքիայի նախագահ դառնալու․ սոցհարցում (լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.amԹուրքիայում սոցհարցում է անցկացվել` պարզելու համար երկրի նախագահ ընտրվելու ամենահավանական թեկնածուներին: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:

Հարցման արդյունքների համաձայն առաջին տեղում Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է` 44,3% վարկանիշով:

Երկրորդ տեղում Ստամբուլի ներկայիս քաղաքապետ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն է` 25,5% վարկանիշով:

Քրդամետ «Ժողովուրդներիր դեմոկրատական կուսակցության»` բանտում գտնվող առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի վարկանիշը կազմում է 6,6 %, նա երրորդ տեղում է:

Հետաքրքիր է, որ ընդամենը երեկ` մարտի 12-ին իր նոր կուսակցության ստեղծման մասին հայտարարած Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի վարկանիշը ավելի բարձր է, քան ընդդիմադիր գործիչներ Քեմալ Քըլըչդարօղլուի, Մուհարեմ Ինջեի և նույնիսկ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վարկանիշները:

Բաբաջանը վարկանիշով 6-րդ տեղում է և ցանկում հաջորդում է 4-րդ հորիզոնականում գտնվող ներքին գործերի նախկին նախարար և մեջլիսի փոխխոսնակ Մերալ Աքշեներին և 5-րդ հորիզոնականում գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, աջ ծայրահեղական Դևլեթ Բահչելիին:

Հարցումը անցկացվել է Թուրքիայում հեղինակավոր Հետազոտությունների վերլուծության և գնահատման կենտրոնի կողմից մարտ ամսին: Հարցմանը մասնակցել է 1366 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում