«Իրատես». Աշխարհն աշխարհով, սրանք իրենց հին «երգով»

«Իրատես». Աշխարհն աշխարհով, սրանք իրենց հին «երգով»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, նավթի գները ռեկորդային անկում են գրանցում, տարբեր երկրներ հաշվարկում են այս ամենի հետևանքով իրենց տնտեսության կորուստները, փորձում հնարավոր ամեն ինչ անել հասարակությանը վիրուսից զերծ պահելու համար, մեր հայրենի կառավարությունը երկու տարի առաջվա բառամթերքով ու մոլուցքով տրվել էր քարոզարշավին։ Անգամ վարակի նոր դեպքերը նրանց հետ չեն կանգնեցնում։ Ամենուր մարդկային կուտակումներից փորձում են զերծ մնալ, իսկ մեզ մոտ բոլորին իրար գլխի են հավաքում, գյուղից գյուղ ընկնում, Հրայր Թովմասյանին ու 7 դատավորներին համարում երկրի ամենամեծ սպառնալիքն ու մարտահրավերը։ Ընդամենը քարոզարշավի այսօրվա միջոցառումներն են դադարեցված:

Ոչինչ չի փոխվել, կրկին մեղավոր են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Երկու տարի է երկիրը Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում, բայց էլի նախորդ երկու նախագահներն են ամեն ինչում մեղավոր։ ՈՒ սա այն դեպքում, որ մեկը բանտում է, մյուսը մեղադրյալի կարգավիճակ ունի։

Մինչդեռ այս քարոզարշավի ընթացքում շատ կարևոր դետալ դուրս է մնում։ Հանրաքվեն չունի ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչի՞ համար է այն, ի՞նչ խնդիր է լուծում։ Հրայր Թովմասյանին և ՍԴ մյուս դատավորներին աշխատանքից ազգովի հեռացնելն ընդամենը հարցի արտաքին կողմն է։ Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ հարցեր է փորձում լուծել իշխանությունը, որ, ինչպես Փաշինյանն է ասում, «քոչարյանասերժական վերջին մնացորդ» այս ՍԴ-ն պետք է դիմադրի։ Այս մասին ոչինչ չի ասվում կամ ամեն ինչ էլի հանգում է մեղքը նախորդների վրա գցելու հայտնի մեթոդին։

Փաշինյանի բոցաշունչ ելույթներից հետո քաղաքացիները կհասկանան միայն մի բան՝ մերժել արդեն վաղուց մերժվածներին ու հերթական անգամ գնալ ընտրությունների՝ արհեստական թշնամուց, այն է՝ նախկիններից ազատվելու համար։ ՈՒ այս ամենը հերթական անգամ Փաշինյանը փաթեթավորում է հայտնի բարաձևով. ժողովուրդն է իշխանությունը, ինչպես ուզենա, այնպես էլ կանի։

Եթե իշխանությունը ժողովրդինն է, ինչու՞ են պարգևավճարները ձեզ հասնում, ինչու՞ եք դուք օր օրի բարգավաճում, իսկ ժողովուրդն էլի նույն վիճակում է, ինչու՞ են ձեր շրջապատի մարդիկ վտառի նման լցվում իշխանական համակարգ, իսկ ժողովուրդը շարունակում անգործ մնալ։ «Ինչու»-ները շատ շատ են, բայց պատասխանո՞ղն ով է։ «Քաղաքացին իր երկրում չպետք է տնվոր լինի։ Սա է այս հանրաքվեի իմաստը»,- փաստում է Փաշինյանը։ Այսքանից հետո հարց է առաջանում՝ Հրայր Թովմասյա՞նն է խանգարում, որ քաղաքացին իրեն տնվոր չզգա։ Այստեղ են ասել՝ ո՞վ ունի Հրայր Թովմասյանի հնարավորությունները, որ մարդկանց զգայականի վրա էլ է ազդում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում