«Փաստ»․ Ամուլսարի թնջուկը կառավարությանը կրկին դելեմայի առաջ է կանգնեցնելու

«Փաստ»․ Ամուլսարի թնջուկը կառավարությանը կրկին դելեմայի առաջ է կանգնեցնելու

«Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը մնում է արդիական համապետական հարց, քանի որ այն բազմաշերտ է և սոցիալական բաղադրիչին զուգահեռ անմիջական ազդեցություն ունի մեր քաղաքացիների անվտանգության և առողջության վրա։ Խնդրի մյուս կողմում էլ դրված է Հայաստանի միջազգային հեղինակության և ներդրումային միջավայրի հարցը։

Եվ եթե վերջնականապես որոշվի, որ հանքը չի շահագործվելու, ապա բացասական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ «Լիդիան» ընկերությունը դատական գործընթաց է սկսելու Հայաստանի կառավարության դեմ՝ փոխհատուցում ստանալու պահանջով։

Իսկ այս դատական քաշքշուկը կարող է արտերկրյա ներդրողների աչքում նախադեպ դառնալ Հայաստանում ներդրումներ չկատարելու համար՝ համարելով, որ կառավարությունը պատշաճորեն չի կատարում ներդրողների առջև ստանձնած իր պարտավորությունները։ Եվ հենց այս հանգամանքն է պատճառը, որ վարչապետ Փաշինյանը փորձում է հանրությանը վստահեցնել, թե հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են և շրջակա միջավայրին վնաս չի հասցվելու, սակայն հետաքրքրականն այն է, որ նույն Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, կտրականապես դեմ էր արտահայտվում հանքի շահագործմանը։

Եվ Փաշինյանի մոտիվացիան այս հարցում պարզ է։ Երբ վերջինս ընդդիմադիր էր, կարող էր այս հարցի շահարկման միջոցով լրացուցիչ դիվիդենտներ շահել, բայց երբ ինքն իշխանության ղեկին է, ապա հարվածն իր վրա է վերցնելու հենց իր գլխավորած կառավարությունն ու առաջին հերթին ինքը։

Մի կողմից՝ հարվածի տակ է դրվելու Փաշինյանի իշխանության միջազգային հեղինակությունը, իսկ մյուս կողմից՝ ներքին վարկանիշը։ Դրա համար էլ վարչապետը հարցի լուծումը ձգձգելու տարբերակ է ընտրել՝ չնայած մի քանի անգամ Ամուլսարի ճանապարհը բացելու կոչեր է արել ակտիվիստներին։

Նա փորձում է ինչքան հնարավոր է խուսափել հստակ դիրքորոշում արտահայտելուց։ Կարճ ասած՝ կառավարությունն այնպիսի քաղաքականություն է տանում, որ «գայլերը կուշտ մնան, իսկ ոչխարներն էլ՝ ողջ»։

Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ իշխանություններին ձեռնտու չէ, որ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում Ամուլսարի հարցը շատ շոշափվի, քանի որ այն բացասական ազդեցություն է ունենում իրենց իմիջի վրա։ Քաղաքացիները պահանջում են, որ կառավարությունը չեղարկի հանքի շահագործումը, իսկ իշխանության ներկայացուցիչները քարոզարշավի փուլում չեն կարող հանքի շահագործումը դադարեցնելու մասին խոստումներ տալ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում