Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 000-ը

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 000-ը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.amԻրանում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակը գերազանցել է 10 000-ը, որից 429-ը մահվան ելք է ունեցել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեին:

«Երեկվանից մինչև այսօր հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 1075 դեպք, ընդհանուր դեպքերի քանակը հասել է 10075-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 75 հիվանդ, զոհերի ընդհանուր քանակը 429-ն է»,- հայտարարել է Վահաբզադեն:

Նա նշել է նաև, որ ավելի քան 10 000 վարակվածներից 3276 մարդ ապաքինվել է:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակ է հայտարարել. մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում