Չինաստանը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի պիկը հաղթահարելու մասին

Չինաստանը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի պիկը հաղթահարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.amՉինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի ներկայցուցիչ Մի Ֆենը հայտնել է, որ երկրում անցել է կորոնավիրուսի համաճարակի պիկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նրա խոսքով՝ անցած շաբաթվա ընթացքում Չինաստանի Հուբեյ նահանգում, բացառությամբ Ուհան քաղաքի, Covid-2019-ի որևէ նոր դեպք չի հայտնաբերվել:

Նշված նահանգի սահմաններից դուրս երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման յոթ նոր դեպք, որից 6–ը՝ «ներմուծված»։

«Այս տվյալները ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, համաճարակի այս ալիքի պիկը երկրում արդեն անցել է»,– նշել է Մի Ֆենգը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը, նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել:

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում