«Վստրեչի Ապեր» մականունով Արամ Վարդանյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է. Երվանդ Վարոսյան

«Վստրեչի Ապեր» մականունով Արամ Վարդանյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է. Երվանդ Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.am: Փաստաբան Երվանդ Վարոսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը բողոքարկվել է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Համաձայն տեղեկատվության՝ Ա.Վ.-ն իր մերձավորներ Ս.Կ.-ին, Ե.Ե.-ին, և Ա.Խ.-ին և ոմն Ա.-ին 2016թ. ամռանը ցուցում է տվել նախկին մերձավոր Է.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 11.900.000 ՀՀ դրամին համարժեք, 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան խմբով, բռնության գործադրմամբ բացահայտ հափշտակել, որից հետո հիշյալ անձինք, Ա.Վ.-ի կողմից նախապես կազմված խմբով, նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Բուռնազյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել են նշված ավտոմեքենան, այնուհետև Է.Ա.-ի կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել վերջինիս, գցել գետնին, ապա, բացահայտ հափշտակելով հիշյալ ավտոմեքենան, հեռացել են:

2020թ. մարտի 8-ին Ա.Վ.-ի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում