Թավադյանն ապօրինի է գտնվել կալանքի տակ, ակնկալում ենք տեսնել իրավական հետևանքներ. պաշտպան

Թավադյանն ապօրինի է գտնվել կալանքի տակ, ակնկալում ենք տեսնել իրավական հետևանքներ. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.am: «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը կալանքից ազատ կարձակվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Դատարանը բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու փաստաբանների ներկայացրած բողոքը՝ մերժելով քննիչների միջնորդությունը երկարաձգել նրա կալանքը: Թավադյանը գտնվում է Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում և ժամերի ընթացքում նա ազատության մեջ կլինի»,- ասաց պաշտպանը:

Ըստ Խուդոյանի՝ դատավորը նշեց, որ նման որոշման պատճառը հիմնավոր կասկածի բացակայությունն է. «Ըստ էության հաստատվում է այն ինչ ասում էինք վաղուց՝ այս ընթացքում պարոն Թավադյանն ապօրինի է գտնվել կալանքի տակ, ինչի իրավական հետևանքներն ակնկալում ենք տեսնել առանձին պաշտոնատար անձանց քրեական հետապնդումների տեսքով»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ դատական նիստի ընթացքում նշել են, որ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի, որ դա լինի հիմնավոր կասկածի պատճառաբանությամբ:

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ Թավադյանի բնակարանից առգրաված իրերը չեն վերադարձվել: «Առաջիկա օրերին, երևի, պարոն Թավադյանի մասնակցությամբ հանդես կգանք հայտարարություններով: Մենք համոզմունք ունենք, որ դա կատարվել է պարոն Թավադյանի կողմից ֆինանսավորվող մեդիա գործունեությանը խոչընդոտելու համար, որովհետև վարույթն իրականացնող մարմնին հիմնավորվել ենք, որ այն ինչ առգրավվել են պետք է ուղղվեին «5-րդ ալիքի» ֆինանսավորմանը և դրա ապացույցներն առկա են: Դա օդից հնարած փաստարկ չէ, մշտապես նա ֆինանսավորել է այդ ալիքը, իսկ այս հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված չի ենթադրում որևէ կերպ գույքի բռնագրավում կամ բռնագանձում»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ քննարկելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի երկարացման որոշման դեմ փաստաբանների բողոքը։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում