Ֆրանսիայի խորհրդարանի չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ֆրանսիայի խորհրդարանի չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Tert.amՖրանսիայի Ազգային ժողովի (Ֆրանսիայի երկպալատ խորհրդարանի ստորին պալատը) չորս պատգամավորի և երկու աշխատակցի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է Իլ դը Ֆրանս տարածաշրջանի առողջապահության գործակալությունը, գրում է NBC news-ը:

Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը տեղեկացրել էր Ազգային ժողովի` կորոնավիրուսով վարակված երկու պատգամավորի մասին: Բժիշկները հաստատել էին կորոնավիրուսով վարակման փաստը «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյցերի մոտ, որն, ըստ հաղորդման, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ինչպես նաև «Առաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավորի մոտ:

«Ազգային ժողովի չորս պատգամավորի և երկու աշխատակցի կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են ցույց տվել: Իրականացվում են սանիտարական հետազոտություններ, խորհրդարանի համապատասխան ծառայությունները միջոցներ են ձեռնարկել վիրուսի հնարավոր տարածումը կանխելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բժիշկները հավելել են, որ երկու նոր վարակված պատգամավորները մեկուսացված են, պարզվում է նրանց շփումների շրջանակը: Նրանց կուսակցական պատկանելիության մասին չի հաղորդվում:

Նշենք, որ Ֆրանսիայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1126-ի, մահացել է 19 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3119-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում