«Հրապարակ». Հանրաքվեն վտանգի տակ է

«Հրապարակ». Հանրաքվեն վտանգի տակ է

«Վահե Գրիգորյանը պարտաճանաչ հաճախում է Սահմանադրական դատարան։ «Սպասում է հանրաքվեի արդյունքներին»,- ասաց մեր աղբյուրը՝ տեղեկացնելով, որ նա այլևս չի օգտվում ՍԴ-ի կողմից իրեն հատկացված ավտոմեքենայից․ այն ՍԴ բակում կանգնած է, սակայն ՍԴ-ի հատկացրած բջջայինից, աշխատավարձից, մնացյալ «հմայքներից» դեռ օգտվում է:

Իսկ եթե հանրաքվեն տապալվի, ի՞նչ է անելու այդ ժամանակ։ «Հանրաքվեն, այո, վտանգի տակ է. հանրաքվեն դավադրություն էր Նիկոլ Փաշինյանի դեմ»: Ո՞ւմ կողմից: «Այն հեղինակողների։ Այս ողջ սցենարը, որ ՍԴ-ն իրավական չէ, դատավորները դատավորներ չեն, Վահեն ՍԴ նախագահ է, ո՞վ էր հեղինակը»: Վահե Գրիգորյա՞նը, բայց նա այդքան մեծ «դավադրության» ընդունակ կարդինա՞լ է։ «Իհարկե` ոչ, նա ընդամենը փաստաբան է»:

Ի՞նչ ասել է դավադրություն՝ ինչո՞վ, 70 տոկոս ձայն ստացած վարչապետ է, ի՞նչ դավադրություն կարող են հյուսել իր դեմ, հանրաքվեն ինչո՞ւ չպետք է հաղթի։ «Այո, բայց միայն այն հանգամանքը, որ 70 տոկոս ձայն ստացած, ժողովրդի անվերապահ աջակցությունն ունեցող առաջնորդն այսօր տնից տուն ընկած` «ԱՅՈ» է քարոզում՝ ընդամենը 25 տոկոսի համար այդպես պայքար է մղում, դա արդեն խոսում է այն մասին, որ ինքն էլ է հասկանում, որ 70 տոկոս չունի, և հանրաքվեն իր դեմ դավադրություն էր»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում