«Փաստ». Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում

«Փաստ». Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում

«Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ տարբեր գնահատականներ է հնչեցնում հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ մասնավորաբար նշելով, թե դրանք «զարգանում են շատ արդյունավետ», կամ այդ հարաբերությունները որակում է «լավ և շիտակ» և այլն: Իր հարցազրույցներից մեկում էլ նա ասել է, թե «դրանք հարաբերություններ են՝ առանց մութ անկյունների»: Իրականում փորձագիտական լայն շրջանակները մեծամասամբ համաձայն չեն հենց այս վերջին ձևակերպման հետ, քանզի անցած մոտ երկու տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում ավելի շատ «մութ անկյուններ» առաջացան, քան հնարավոր է գտնել անցած քսան, նույնիսկ երեսուն տարիների ընթացքում:

Ռուսաստանի հետ հարաբերությունները հետհեղափոխական Հայաստանում այդպես էլ լիարժեք փոխվստահություն ձեռք չբերեցին: Չնայած տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականությանը, այդուամենայնիվ, ռուսական կողմը չափազանց զգուշավոր է եղել Հայաստանի նոր իշխանությունների հետ հարաբերություններում՝ պահպանելով ընդգծված «հեռավորություն»:

Իսկ վերջին շրջանում, կարծես, առավել անհասկանալի երանգներ են ստանում այդ հարաբերությունները: Զուտ դիվանագիտական հարաբերությունների կոնտեքստում հիմնականում պահպանվում են քաղաքավարության կանոնները, եթե հաշվի չառնենք առանձին մեկ-երկու դրվագները: Ի դեպ, ուշագրավ է, որ զգուշավորության մասին ակնարկեց նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: «Ռուսաստանը շատ զգուշավոր է վերաբերվում այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում»,-ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Սակայն, չնայած ակնառու լարվածությանը, եթե գոնե հրապարակային հարթակում դիվանագիտական լեզվով պահպանվում են «բարիդրացիականության» կանոնները, ապա ռուսական լրատվամիջոցները գնալով ավելի են կոշտացնում գնահատականների տոնայնությունը:

Ընդ որում, դա արվում է տարբեր թեմաներով՝ սկսած տնտեսությունից, մինչև ՍԴ դատավորների հանդեպ տոտալ ճնշումներն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը, որը հատկապես մերձկրեմլյան լրատվամիջոցները չեն զլանում գնահատել որպես քաղաքական հետապնդում: Բազմաթիվ փորձագետներ արձանագրում են, որ Ռուսաստանի իշխանությունները հաճախ են որոշակի մեսիջներ հղում ոչ միայն անձնական շփումների ժամանակ, այլ հենց ԶԼՄ-ների միջոցով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում