Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 534, Ավստրիայում` 47, Նորվեգիայում` 100 դեպք

Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 534, Ավստրիայում` 47, Նորվեգիայում` 100 դեպք

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Tert.amԳերմանիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 534-ի, Ավստրիայում` 47-ի, իսկ Նորվեգիայում` 100-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրների առողջապահական գերատեսչությունների հրապարակած տվյալներին:

Ավստրիայի առողջապահության նախարարության տեղեկության համաձայն` երկրում կորոնավիրուսի թեստ է հանձնել մոտ 4 000 քաղաքացի, որից 47-ը դրական արդյունք է ունեցել:

Գերմանիայում 534 վարակման դեպքերից ամենաշատը գրանցվել են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (281), որին հաջորդում են Բադեն-Վյուրթեմբերգը (91) և Բավարիան (79), որտեղից սկսվել է ամբողջ Գերմանիայում վիրուսի տարածումը, այնուհետև` Ստորին Սաքսոնիան (18):

Նորվեգիայում, տեղեկությունների համաձայն, 100 վարակակիրների թվում դպրոցականներ կան: Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Վեսթլանում և Օսլոյում:

ԱՀԿ տվյալներով` աշխարհում հաստատվել է վարակման 95 333 դեպք, որից 80 565-ը` Չինաստանում և 14 768-ը` Չինաստանի սահմաններից դուրս 85 երկրում:

Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունից Չինաստանում մահացել է 3015 (31 մարդ` մեկ օրում) և ամբողջ աշխարհում` 267 մարդ (53 մարդ` մեկ օրում):

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում