«Իրատես». Երբևէ լսե՞լ եք 31 կամ 15 հազար դոլարով պարգևատրված «առաքյալների» մասին

«Իրատես». Երբևէ լսե՞լ եք 31 կամ 15 հազար դոլարով պարգևատրված «առաքյալների» մասին

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն Իտալիայում իրեն համեմատեց Հիսուսի հետ, Վրաստանում էլ ավելի առաջ անցավ. իր ու Հիսուսի «կադրային» քաղաքականությունը նույն հարթությունում դրեց։ Դեռ մի կողմ, որ Հիսուս լինելու բարդույթը չի հաղթահարվում, բայց հետաքրքիր է՝ ովքե՞ր են իր կառավարության առաքյալներն ու ամենակարևորը՝ հուդաները, որոնց մասին այդքան շատ է սիրում խոսել կառավարության ղեկավարը։ Այս չափից դուրս բարձր ինքնագնահատականն ինչո՞վ է արդարացված։

Ցանկացած իշխանություն փրկիչ ու արարիչ է դառնում, երբ հասարակությունն է նրան այդ պատվին արժանացնում՝ աչքի տակ ունենալով կառավարության հայրենանվեր գործերը։ Բայց օրինակ, երբևէ լսե՞լ եք 31 կամ 15 հազար դոլարով պարգևատրված «առաքյալների», կառավարական բոլոր հաճույքներից օգտվող, թող ների ինձ Աստված՝ Հիսուսի մասին։

Այն, որ այսպիսի համեմատությունները հոգեբանական որոշ խնդիրների վրա են լույս սփռում, հասկանալի է, բայց այս երկու տարվա ընթացքում շատ էական մի հարց բաց է մնացել։ Ի վերջո, չկա՞ մեկը, մի մասնագետ, որ երկրի ղեկավարին կողքից ճիշտ ուղղություն տա, հուշի պաշտոնյայի սահմանների ու զսպվածության մասին, ավելի կոպիտ ասած, աշխատի նրա վրա՝ խոսքից, պահվածքից, դիմախաղից սկսած մինչև հագուկապ։

Աշխարհում շատ վաղուց ղեկավարներն ունեն այդ ամենով զբաղվող հատուկ մասնագետներ։ Պաշտոնյայի կերպարի կերտումը լուրջ աշխատանք է, մի անտեսեք։ Եթե անգամ ներսում դրա վրա աչք կարող են փակել, դրսում չափազանց տխուր պատկերի առաջ ենք կանգնում։ Ամեն ինչ սելֆիով չի սահմանափակվում, երբեմն նաև այդ հարցում կանոնիկություն է պետք։ Խոսքը երկրի դեմքը ներկայացնողի մասին է, որը պատասխանատու է մի ողջ ազգի քաղաքական, հասարակական, մշակութային դիմագիծը ներկայացնելու համար։

Սակայն վաղուց խոսքն ու խրատն անտեղի են, իսկ խորհուրդ տալն անշնորհակալ գործ, այնպես որ, սպասում ենք հաջորդ համեմատությանը։ Հավանաբար այն կվերաբերի «արարչական» գործերին, միայն թե հիմա էլ սեփական պատվիրանները չսահմանի։ Չի բացառվում նաև, որ մի օր էլ սեփական Ավետարան գրի։ Ասենք՝ Ավետարան՝ ըստ Նիկոլի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում