«Հրապարակ». Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի նոր ֆավորիտ ունի

«Հրապարակ». Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի նոր ֆավորիտ ունի

«ԵՊՀ-ում հետաքրքիր զարգացումներ են՝ ռեկտորի՝ մարտի 23-ի ընտրություններին ընդառաջ։ «Հին ԺՊ-ն իրեն սպառել է, նա հայտարարել է, որ ռեկտորի թեկնածու չի լինելու, հասարակության ճնշման ներքո նույն բանը հայտարարեց նաև ամենահավանական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։

Իշխանությունները հիմա ունեն նոր ֆավորիտ, ուզում են տապալել համալսարանի ռեկտորի ընտրությունները ամսի 23-ին` հանուն իրենց ֆավորիտի, նրան նշանակել նոր ԺՊ, ապա ընտրել ռեկտոր»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը:

Եվ ո՞վ է նա՝ Վահե Հովհաննիսյա՞նը, Վահրամ Դումանյա՞նը։ «Ոչ, Ռուբեն Կարապետյանը` ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հնաբնակներից, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչ, որը 2008-ին միացավ հայտնի դիվանագետների հայտարարությանը, դեսպան է եղել թե՛ մերձավորարևելյան երկրներում` ընդհուպ Սիրիա, թե՛ եվրոպական` ընդհուպ Իտալիա»:

Բայց ինչո՞ւ են տապալում ընտրությունները՝ ԺՊ նշանակում։ «Որովհետև նա այս պահին չի կարող դառնալ ռեկտոր՝ դոկտոր է, բայց չունի պրոֆեսորի կոչում։ 2 շաբաթ առաջ, արագ ռեժիմով, ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց նրա պրոֆեսորի կարգավիճակը, ուղարկեց ԲՈԿ, էնտեղ էլ արագացված կարգով կանեն այդ գործը, և Կարապետյանը մի երկու ամսից կընտրվի ռեկտոր, կամ էլ ևս 6 ամիս համալսարանը կրկին կղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը»:

Մենք տեղեկացանք, որ ԲՈԿ-ում իսկապես այս պրոցեսն արագացրել են, և գուցե երեկ արդեն եղել է պրոֆեսորի կոչման հրամանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում