«Ժողովուրդ»․ Հասարակական տրանսպորտից օգտվելը՝ վտանգ կյանքի համար

«Ժողովուրդ»․ Հասարակական տրանսպորտից օգտվելը՝ վտանգ կյանքի համար

«Ինչպես հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, փետրվարի 5-ին տեղի ունեցած թիվ 99 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վթարի դեպքով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ հաշվի առնելով, որ ավտովթարի հետևանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթև կամ թեթևի հատկանիշներ չպարունակող, այսինքն՝ քրեաիրավական հետևանքներ չեն առաջացրել։

Սակայն պարզվել է նաև, որ թիվ 99 միկրոավտոբուսի վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետը անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին է լրացել և օրենքով սահմանված կարգով չի երկարացվել։ Վարորդը նաև եղել է ալկոհոլի ազդեցության տակ, և ստացվում է, որ իրավապահ համակարգը՝ ի դեմս դատախազության, աչք է փակում այդ հանգամանքի վրա: Գոռ Աբրահամյանի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյոք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը տեղյակ եղել է, որ երթուղու վարորդը երթևեկում է առանց վկայականի:

«Եթե հիշում եք, մենք վթարի օրը հայտարարեցինք, որ վարորդը դիսպետչերական կետ չի մոտեցել, այնուհանդերձ, դեկտեմբերից ի վեր նրա վարորդական իրավունքի ժամկետը սպառված է եղել, որը դիսպետչերը չի նկատել: Տրանսպորտի վարչությունը վերահսկողությունն իրականացնում է դիսպետչերական կետերի միջոցով: Դիսպետչերական կետում, փաստորեն, խախտումը հայտնաբերվել է աշխատակցի կողմից, և ամենախիստ պատժի կենթարկվի այդ խախտումը կատարած անձը»,- նշեց նա:

Նկատենք, որ Տրանսպորտի վարչությունն էլ ենթարկվում է քաղաքապետին։ Ստացվում է, որ Հայկ Մարությանն իրավիճակին չի տիրապետում, և փաստացի վարորդական վկայական չունեցող մարդը, մի բան էլ հարբած, երթուղի է դուրս եկել և քաղաքացիների տեղափոխել։ Ու հիմա պարզվում է՝ այս իրավիճակի համար որևէ մեկը չի պատժվի, այլ միայն վարորդը՝ տուգանքի տեսքով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում