«Փաստ». Ի՞նչ է նշանակում վարչապետի հետ անհամաձայնություն ունեցած պաշտոնյաներին դավաճանի պիտակավորում տալը

«Փաստ». Ի՞նչ է նշանակում վարչապետի հետ անհամաձայնություն ունեցած պաշտոնյաներին դավաճանի պիտակավորում տալը

«Ցանկացած պետության զարգացման ընթացքը պայմանավորված է որոշակի գործոններով, որոնցից մեկն էլ արդյունավետ պետական կառավարումն է, որը պայմաններ է ստեղծում տնտեսության առաջընթացի և քաղաքացիների կենսապայմանների բարելավման համար։

Սակայն արդյունավետ պետական կառավարումն անհնար է պատկերացնել առանց արդյունավետ կադրային քաղաքականության, քանի որ պետական կառավարման համակարգն իրենից ներկայացնում է մարդկային ռեսուրսի մասնագիտական որակների կիրառումը։ Եվ որքան բարձր լինեն կառավարման օղակներում հայտնված կադրերի մասնագիտական որակները, այնքան արդյունավետ կգործի պետական համակարգը։

Այս առումով Հայաստանը միշտ բարձր որակավորում ունեցող կադրերի խնդիր է ունեցել։ Եվ մասնագիտական որակների հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաև կադրերի քաղաքական պատասխանատվության աստիճանը և փորձը։ Իսկ շատ հաճախ բազմաթիվ կադրեր բարձր պաշտոններ զբաղեցնելու հավակնություններ ունեն, սակայն իրենց որակներով չեն համապատասխանում առկա պահանջներին։

Սրան զուգահեռ՝ մեր երկրում չի ստեղծվում ժամանակակից կադրային բազա, կրթական համակարգն էլ հետ է մնում նորօրյա պահանջներից։ Համապատասխան կադրեր ձևավորելու համար պետք է խրախուսվի մասնագիտական գիտելիքների և փորձի ձեռքբերումը, կադրերի ընտրություն կատարելիս առաջնահերթությունը տրվի նրանց մասնագիտական և մարդկային որակներին։

Իշխանափոխությունից հետո ակնկալիքներ կային, թե բոլոր պայմանները ստեղծվել են, որպեսզի կադրերի ընտրությունը տեղի ունենա ըստ պրոֆեսիոնալիզմի, սակայն ի հեճուկս հանրության այդ ակնկալիքների, վարչապետ Փաշինյանն իր կադրային քաղաքականությունը կառուցելիս առաջնահերթությունը տվեց բացառապես քաղաքական որոշումներին (կարևորը «քայլած» լինեն), որի արդյունքում անփորձ և պետական կառավարումից գլուխ չհանող բազմաթիվ երիտասարդներ հայտնվեցին պետության համար առանցքային նշանակություն ունեցող պատասխանատու պաշտոններում։

Մի կողմից՝ հասկանալի էր, որ վարչապետը չէր կարող չգնահատել այն մարդկանց, որոնք շարժման օրերին սատարել և աջակցել էին իրեն, սակայն դա չպետք է նշանակեր, որ ովքեր «քայլել» էին իր հետ, պետք է բարձր պաշտոններ ստանալու ակնկալիքներ ունենային։ Ու հետո էլ Փաշինյանը բողոքում է, թե պետական համակարգում սաբոտաժ կա, այն արդյունավետ չի գործում, պրիմիտիվ տեքստեր են իրեն բերում և այլն։ Մյուս կողմից էլ Փաշինյանը թույլ չի տալիս, որ կառավարության անդամները և մյուս պաշտոնյաները մասնագիտական որակներ դրսևորեն իրենց ոլորտներում։ Ամեն մի փոքր կամ միջին տրամաչափի հարց մինչև Փաշինյանին չի հասնում, լուծում չի ստանում։

Հանրության ուշադրությունը գրավելու մոլուցքով տարված՝ Փաշինյանը մեկնաբանում է ամեն մի խնդիր՝ առանց հաշվի առնելու, թե այն իր իրավասության ու «շկալայի» գոտում է, թե ոչ՝ սկսած զբոսաշրջությունից և թանգարաններ այցելություններից մինչև տնտեսական ցուցանիշներ և կորոնավիրուսի տարածման թեմա։

Բացի այդ, չի գործում կադրերի խրախուսման կոնցեպտը։ Բարձրաստիճան պաշտոնյաները, անկախ իրենց աշխատանքի արդյունքներից, պարբերաբար բարձր պարգևավճարներ են ստանում։ Էլ ինչո՞ւ պետք է մոտիվացվեն աշխատանք կատարելու հարցում, միևնույն է՝ գրեթե ամեն ամիս շռայլորեն պարգևատրվելու են։

Ու բնական երևույթ է, որ որոշ պաշտոնյաներ ժամանակի ընթացքում կարող են վարչապետի կողմից տարվող քաղաքականության հետ կապված իրենց անհամաձայնությունը հայտնել։ Այդպիսի տեսակետների բախում միշտ եղել է ու կլինի։ Սակայն զարմանալի է վարչապետի՝ պետական համակարգում դավաճաններ փնտրելու մոտեցումը։ Եթե ինչ-որ պաշտոնյաներ համամիտ չեն վարչապետի կողմից տարվող քաղաքական ուղեգծի հետ, կարող են չաշխատել ներկա կառավարության հետ, բայց ի՞նչ է նշանակում նրանց դավաճանի պիտակավորում տալը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում