Ավստրիայի կանցլերը հորդորում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա

Ավստրիայի կանցլերը հորդորում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Aysor.amԵվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի նա անօրինական միգրանտներին չօգտագործի ԵՄ-ի նկատմամբ իր քաղաքական նպատակների համար, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն՝ ամփոփելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներ մշակելու նպատակով կառավարության արտահերթ նիստի արդյունքները:

Նրա խոսքով՝ Թուրքիայից ԵՄ-ի տարածք, Հունաստան թափանցելու անօրինական միգրանտների փորձերը կազմակերպվել են Թուրքիայի ղեկավարության կողմից:

«Հարկավոր է համատեղ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նախագահ Էրդողանը փոխի իր անմարդկային գործելակերպը և չշարունակի հետագայում միգրանտներին օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Մենք համատեղ պետք է ապահովենք, որ 2015 թվականը չկրկնվի:

Դրա համար հարկավոր է կազմակերպել սահմանների (Հունաստանում ԵՄ-ի արտաքին սահմանին) գործող պահպանություն», – նշել է Կուրցը մամուլի ասուլիսում:

«Այդ մարդիկ (միգրանտները) Իդլիբից, այսինքն՝ Սիրիայից չեն փախչում Հունաստան: Դրանք այն մարդիկ են, որոնք մասամբ արդեն երկար տարիներ գտնվում են Թուրքիայում: Թուրքիայի նախագահ Էրդողանը միտումնավոր է կազմակերպել այդ գործընթացը: Տրամադրվում են ավտոբուսներ, միգրանտներին տալիս են տեղեկատվություն: Միտումնավոր փորձեր են ձեռնարկվում կազմակերպել այդ երթը դեպի Հունաստան: Նախագահ Էրդողանը մարդկանց օգտագործում է որպես գնդակ, զենք, Եվրոպական միության վրա ճնշման գործիք», – ասել է Կուրցը:

Միգրանտների հետ կապված իրադրությունն ուրբաթ օրը կտրուկ սրվել Է Թուրքիայի հետ ցամաքային ու ծովային սահմաններին: Հունաստանի ուժայինները շաբաթ օրվանից Թուրքիայից անօրինական միգրանտների ու փախստականների ներխուժման 24 հազար 203 փորձ են կանխել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում