Տպավորություն էր, որ խուսափելու միջոց էր. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Տպավորություն էր, որ խուսափելու միջոց էր. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Tert.am: Այս որոշումն սպասելի էր, ինձ մոտ առաջին տպավորությունն այն էր, որ սա խուսափելու ձև էր, որոշում կայացնելուց խուսափելու ինչ-որ միջոց էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ փաստաբանական թիմի միջնորդության հետաձգմանը:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն երրորդ անգամ դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկի միջնորդություն ներկայացվում, ինչ արդյոք են ակնկալում, Քոչարյանն ասաց, որ պետք է սպասել մարտի 6-ի նիստին: «Կարծում եմ՝ իր համար էլ, բոլորի համար էլ ճիշտ կանի, որ հրաժարվի այս գործից, բայց այն, ինչի ականատեսն ենք ամիսներ շարունակ, չեմ կարծում, թե կընդունի ինքնաբացարկը»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին՝ այս միջնորդությունների պատճառով բուն դատաքննությանը չեն կարողանում անցնել, սա խնդիր չի՞ համար, նա պատասխանեց. «Բուն դատավարությանը չանցնելը խնդիր չեմ համարում, խնդիր համարում եմ այն, որ հայրս ապօրինի է կալանքի տակ: Դուք այսօր տեսաք, որ նորից հրապարակվեցին այդ վերծանումները, բերեցին նույն հին հանգամանքները, ինչն էլ ապացուցում է, թե ինչքան շինծու է այս գործը, ինչ կարգի է ուղղորդված երկրի վարչապետի կողմից: Այսինքն՝ մենք պետք է ասենք, եկեք տարիներով գործը տարեք, էդ ընթացքում էլ հայրս կալանքի տակ մնա՞, էս՞ է իրենց տրամաբանությունը»:

Դիտարկմանը՝ այսպես էլ կարող են անընդհատ խափանման միջոցի փոփոխման միջնորդություններ արվել, այլ միջնորդություններ, նա արձագանքեց. «Եթե դրա անհրաժեշտությունը կա, եթե տեսնում են, որ ակնհայտ ապօրինի գործողություններ են լինում, պետք է ներկայացվեն միջնորդություններ: Այն մարդիկ, ովքեր խոսում են, թե մենք ձգձգում ենք, անհարկի միջնորդություններ ենք ներկայացնում, նույնիսկ հայրս մի քանի օր հիվանդանոց պառկեց, այդտեղ էլ ասացին՝ հատուկ ենք գնացել, այդ մարդիկ, որ դատավորին ծափահարում են, մեզ էլ մեղադրում, ինչո՞ւ դատավորին չեն ասում, թե ինչու է շաբաթ մեկ անգամ դնում դատը, ամեն օր դիր, երեք անգամ դիր, մենք դեմ չենք»:

Ինչ վերաբերում է դատարանի դահլիճում հնչած մեղադրանքին, թե միտումնավոր է գաղտանլսումների ձայնագրությունը նորից տարածվել, ինչպես նաև Վանեցյանի ու իր կապի մասին նաև հայտարարություն արվեց, ինչպե՞ս կմեկնաբանեք, Լևոն Քոչարյանն ասաց, որ չգիտի միտումնավոր է տարածվել, թե՞ չէ: «Ինչ-որ մեկը դրել է դա «Յութուբ», ինչ-որ նպատակ է դրանով հետապնդվել, բայց այն, ինչ երևում է այդ ձայնագրություններով, այդ գաղտնալսումներում, այն է, որ հրահանգ է իջեցվել վարչապետի կողմից մինչև դատավոր: Դա ոչ միայն մենք լսում ենք, դա մենք հետո դատավորի գործողություններով տեսել ենք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում