Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է համանախագահների և Չավուշօղլուի հանդիպմանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին Անկարայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը այժմ պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:
Այս հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում արձագանքել էր աստվածաշնչյան մեջբերմամբ.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մինսկի խմբի համանախագահներին ուղղած Մևլութ Չավուշօղլուի խորհուրդը մտածելու առիթ է տալիս Ղուկասի 4:23-ի շուրջ՝ «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»»,- գրել էր Մնացականյանը:
Նշենք, որ հանդիպման վերաբերյալ մասնակիցները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել:
Չավուշօղլուի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն անդրադարձել են նաև Facebook սոցցանցի հայկական տիրույթում:
Թեմայի վերաբերյալ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի գրառմանը հաջորդել են տարաբնույթ մեկնաբանություններ ու քննարկումներ, որոնց ընթացքում հարց է ուղղվել նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովային, թե ինչպես է գերատեսչությունը վերաբերում այն փաստին, որ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին:
Մարիա Զախարովան ի պատասխան հաստատել է, որ խմբի կազմում Ռուսաստանի ներկայացուցիչը մասնակցել է հանդիպմանը: Օգտատերերից մեկի այն հարցին, թե հանդիպումն ինչ կապ ունի Սիրիայում տիրող իրավիճակի էսկալացիայի հետ, Զախարովան պատասխանել է, թե իրեն հայտնի չէ, թե ինչպես է հանդիպումը կապված Սիրիայի հետ:
Զախարովան նշել է, որ ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ Ռուսաստանն այս հանդիպումը չեն մեկնաբանել, քանի որ իրենք պարբերաբար նմանատիպ միջոցառումներ են անցկացնում տարբեր երկրների հետ:
Մեկ այլ օգտատեր էլ հարց է ուղղել այն մասին, թե արդյո՞ք Ռուսաստանը սատարում է Թուրքիայի հաշվին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդլայնելու Ադրբեջանի ցանկությունը, չեզոքություն է պահպանում, թե՞ կտրականապես դեմ է գործընթացի նման վերափոխմանը: Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանը ելնում է առկա ձևաչափի արդիականությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում