Հազարավոր զբոսաշրջիկներ չեղարկել են հայաստանյան հյուրանոցներում արված ամրագրումները

Հազարավոր զբոսաշրջիկներ չեղարկել են հայաստանյան հյուրանոցներում արված ամրագրումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԿորոնավիրուսի պատճառով եվրոպացի հազարավոր զբոսաշրջիկներ չեղարկել են հայաստանյան հյուրանոցներում մարտ-ապրիլ ամիսների համար կատարված ամրագրումները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների «Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը:

«Մարտ-ապրիլ ամիսների ամրագրումներն ամեն օր չեղարկում են: Կարող եմ ասել, որ զբոսաշրջիկների մեծ մասն արդեն չեղարկել է իրենց այցը Հայաստան, զբոսաշրջիկների մեծ հոսք կորցրել ենք արդեն: Մենք արդեն մտահոգություններ ունենք ամբողջ զբոսաշրջային տարվա հետ կապված, սա արդեն դառնում է շատ ավելի լուրջ, քան սպասելի էր»,- ասաց «Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահը:

Նրա խոսքով՝ չեղարկումները մեծամասամբ եվրոպացի զբոսաշրջիկների կողմից են: Սյուզաննա Ազոյանը դժվարացավ չեղարկումների և վնասի հստակ չափ նշել, սակայն վստահեցրեց, որ դրանք հազարների են հասնում:

«Զբոսաշրջային գործակալները շատ են, այդ իսկ պատճառով չեմ կարող հստակ թիվ ասել, բայց ոչ թե 1 կամ 2 դեպք է, այլ ամբողջ տուրիզմի ոլորտն է այս անկումը տեսնում: Մեկ օրինակ կարող եմ բերել, որ միայն մեկ տուրօպերատորի մոտ մարտ-ապրիլ ամսվա 1500 չեղարկում է եղել»,- հայտնեց ասոցիացիայի նախագահը:

Սյուզաննա Ազոյանի խոսքով՝ տուրիզմի առումով նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլևս ամբողջ աշխարհում. «Մարդիկ ավելի մտահոգ են, փորձում են զգույշ լինել, բոլոր երկրների արտգործնախարարությունները խորհուրդ են տալիս զուսպ լինել ճանապարհորդությունների հարցում, կարևոր դեպքերում երկրից մեկնել»,- ասաց նա:

Թեև Հայաստանում դեռևս կորոնավիրուսի դեպք չի հաստատվել, բայց ըստ նրա՝ վարակի տարածումը ևս պատճառ է ճանապարհորդությունները չեղարկելու համար. «Նրանք ճանապարհորդում են օդանավակայաններով, ինքնաթիռներ են նստում: Բացի այդ, մարդիկ անհանգստանում են, որ իրենք կարող է ջերմություն ունենան ու անկախ նրանից՝ ինչ վարակ է, իրենց էլ ստուգեն, կարանտին տանեն, մի խոսքով, անհարմարություն են առաջանալու»,- նշեց Սյուզաննա Ազոյանը:

«Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահի տեղեկացմամբ՝ զբոսաշրջային գործակալներն այժմ քննարկում են ճգնաժամը հաղթահարելու մեխանիզմները և առաջարկներ են ներկայացնելու նաև Կառավարությանը. «Մենք չգիտենք, թե ինչ կլինի ապրիլից հետո: Հնարավոր է, որ ամբողջ տարվան վերաբերի սա: Եվ եթե դա ազդի նաև ամառային ամիսների վրա, պետք է պատրաստ լինենք նման ճգնաժամի: Կարծում եմ՝ առաջիկայում մենք Կառավարությանն առաջարկներ կներկայացնենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում