Գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել. մասնագետ

Գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Սուր շնչառական վարակն (ՍՇՎ) աշխարհում հանդիպող ամենատարածված հիվանդություններից է»,– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, ՍՇՎ-ն ներառում է ամբողջ շնչառական համակարգը՝ քթից մինչև թոք, և զգալի մաս են վիրուսային վարակները։ Աշխարհում հայտնի 300-ից ավելի վիրուսների մոտ 50 տոկոսը առաջացնում է շնչառական վարակներ։

«ՍՎՇ-ի մեջ են մտնում նաև մրսածությունը, հարբուխը, գրիպը, ադենովիրուսը և այլն։ Այս հիվադությունները հարուցող վիրուսի աղբյուրը մարդիկ և կենդանիներն են։ Փոխանցման հիմնական ճանապարհը օդակաթիլայինն է, այսինքն՝ հազի կամ փռշտոցի միջոցով վարակը կարող է փոխանցվել։ Բացի դրանից, ձեռքի միջոցով էլ կարող է վարակը փոխանցվել, դա է պատճառը, որ հորդորում են՝ ձեռքով չտրորել աչքերը, քիթն ու բերանը»,-ասաց մանկաբույժը։

Մարտիրոսյանի խոսքով ՍՇՎ-ների հիմնական նախանշաններն են դողը, սարսուռը, ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը. «Ամեն վիրուս ունի իր առանձնահատկությունը։ Օրինակ, պարագրիպի գրիպից թեթև է, բայց տևողությամբ ավելի երկար է, կարող է երեխաների մոտ առաջացնել շնչահեղձություն»։

Մասնագետն ասում է՝ պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ դպրոցում կամ մանկապարտեզում վարակված երեխա է լինում։ Հիվանդությունը կանխարգելելու համար պետք է խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։

«Հասարակությունում, որտեղ կա գրիպի տարածման որոշակի տոկոս, պետք է խուսափել մարդաշատ վայրեր գնալուց, հանդիպումներից և այլն։ Այդ դեպքում վիրուսն արագորեն չի տարածվի։ Վիրուսի համար տարածման լավագույն տարածքը մարդաշատ վայրն է, երբ վարակված մարդու արտաշնչած օդը շնչում են մի քանի այլ մարդիկ»,- ասաց մանկաբույժը, ապա հավելեց՝ բժշկական դիմակները դրսում չեն կարող օգնել, քանի որ բաց տարածությունում բժշկական դիմակ կրելով, առողջ մարդը չի կանխում հիվանդությունը։

Ըստ նրա, հիվանդը պետք է բժշկական դիմակ կրի, որ իր արտաշնչած օդից դուրս եկող վիրուսի մասնկիները նստեն դիմակի ներսի շերտին։ Մասնագետը հիշեցնում է՝ առնվազն 3-4 ժամը մեկ պետք է փոխել բժշկական դիմակները։

«Պետք է ձեռքերը հաճախակի լվանալ՝ օճառով, ալկոգելով։ Պետք է հազալու և փռշտալու հիգենան պահել՝ քիթն ու բերանը փակել արմունկով կամ ձեռքով։ Փռշտալիս չպետք է քթանցքները սեղմելով փակել, այդ դեպքում վիրուսը ներս է գնում, դուրս գալու փոխարեն։ Կարևոր է նաև սենյակը օրվա մեջ մի քանի անգամ օդափոխելը։ Արևը ևս արդյունավետ միջոց է։ Հայտնի է, որ կորոնավիրուսը արևի ճառագայթներից մի քանի րոպեում վերանում է։ Վիրուսը 26-27 ջերմաստիճանի պայմաններում վերանում է՝ արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ։ Ուստի ինչքան արևի տակ մարդ գտնվի և պահպանի հիգենան, այդքան վիրուսից զերծ կմնա»,– ասաց Մարտիրոսյանը։

Մասնագետը հորդորեց՝ հիվանդին պահել առանձին սենյակում, օդափոխել այն, հատակն առավոտյան և երեկոյան խոնավ շորով մաքրել, քանի որ խոնավությունն էլ է նպաստում վիրուսի չեզոքացմանը։

Հարցին՝ ինչպես է ստացվում, որ հարևան երկրներում գրանցվում է կորոնավիրուս, իսկ Հայաստանում ոչ, բժիշկը կատակելով պատասխանեց՝ Աստծո պահած ազգ ենք, ապա շարունակեց. «15-20 օր է կորոնավիրուսի գաղտնի շրջանը, և բացարձակ իզոլացում շրջապատող աշխարհից չկա։ Տարբեր տարիների ԱՄՆ-ում գրիպից 10 հազարից անցնող մահվան դեպքեր են գրանցվում»։

Բժիշկը նաև նշեց, գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել։ Հենց այդ ջերմության ազդեցության տակ արդեն վիրուսները վերանում են։

«Գրիպի տոքսինները ընկճում են իմուն համակարգը, իսկ եթե շատ հեղուկ է օգտագործում մարդը, դեզտոսիկացիա է լինում և հեղուկի հետ տոքսինները դուրս են գալիս օրգանիզմից։ Մնացած վիրուսներն էլ բարձր ջերմության ազդեցության տակ ավելի հեշտ վերանում են»,– պարզաբանեց Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում