Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման հարցը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

«Այսօր Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով նախագահներ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցը եղել է մանրամասնորեն, այն նվիրված էր անվտանգության գոտու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման կարևորությանը»,- հայտարարել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Իդլիբի հարցով շփումների շարունակումն ամենատարբեր մակարդակներով:

«Քննարկվել է մոտ ժամանակներս այս կամ այն մակարդակով անհրաժեշտ շփումների անցկացման հարցը: Բառացիորեն 1,5 ժամ առաջ տեղեկացրել են, որ ռուս և թուրք բանակցողները, որոնք երեկ և երեկ չէ առաջին օրն աշխատել են Անկարայում, պայմանավորվել են շարունակել աշխատանքը նաև այսօր»,- տեղեկացրել է ՌԴ արտգործնախարարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, սիրիական օդուժի հարվածների հետևանքով Թուրքիան Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Յումիթ Դյունդարի և ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքաքյուզի հետ միասին մեկնել է թուրք-սիրիական սահման, որտեղից ղեկավարում է թուրքական բանակի գործողությունները սիրիական Իդլիբում:

Սիրիական Իդլիբում տեղի ունեցածին անդրադարձել է ԱՄՆ-ն: Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ԱՄՆ-ն «աջակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին», և կոչ են արել անհապաղ դադարեցնել «Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերի հարձակումները»:

Կատարվածին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքըն` հայտարարելով, որ «Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար», որոնց ժամանակ 30-ից ավելի թուրք զինծառայող է մահացել:

Մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը, որն աջակցում է Սիրիայի կառավարական բանակին: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ փետրվարի 27-ին սիրիական բանակի բացած կրակի տակ հայտնված թուրք զինծառայողները գտնվում էին հարձակումներ կատարած գրոհայինների շարքերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում