Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՄահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից Րաֆֆի Քորթոշյանը:

«Կարապետյանը հիվանդ էր: Վերջին 6 մասում բուժում էր ստանում: Այսօր կեսօրին մահացավ»,– մանրամասնեց Քորթոշյանը:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։

1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։

Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։

Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝

· «Գետաշեն», 1992

· «Ջավախքի խաչքարերը», 1995

· Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1997 թ.

· Վրաց Պետական Քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, 1988-1998. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1998 թ.

· «Հայ մշակութային հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», 1999, նաև ռուսերեն, 2000, անգլերեն, 2001

· Armenian Cultural Monuments in the Region of Karabakh. Trans. Anahit Martirossian. Yerevan։ Gitutiun Publishing, 2001.

· Ջավախքի Պատմական Հուշարձանները. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2001

· «Թիֆլիսի քաղաքագլուխները», հայերեն, ռուսերեն, 2003

· Կովկասյան թանգարանի Հայկական հավաքածուն. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004

· Հյուսիսային Արցախ. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004 (ԼՂՀ Եղիշեի անվան գրականության մրցանակ, 2004)

· Հայերը Կախեթում. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004

Համահեղինակ է «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարի՝ Միլանում 1988 թ. լույս տեսած 19-րդ «Ղարաբաղ» պրակի։

Սամվել Կարապետյանն արժանացել է մի քանի մրցանակի։

· 2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար.

· 2004 Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշան

· 2004 Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակ

Հետևեք մեզ նաև Telegram-ում