Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանի՝ մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշումը։
Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց , որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից մեղադրող Մարտիրոսյանին հայտնած բացարկը մերժվում է: Նա դատարանի որոշման մասին հրապարակեց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո:
Դատական հաջորդ նիստը կայանալու է մարտի 26-ին` ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի և Նոր Նորք նստավայրում նախօրեին մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Ս. Սարգսյանի պաշտպանը բացարկ էր հայտնել դատախազին:
Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում