Բրազիլիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքերն են գրանցվել

Բրազիլիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքերն են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԲրազիլիայում 61-ամյա հիվանդի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել, տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով folha.uol.com.br կայքին:

Փետրվարի 25-ին Բրազիլիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր երկրում կորոնավիրուսի վարակման հնարավոր դեպքի մասին: 61-ամյա հիվանդից վերցրած նախնական թեստը դրական արդյունք էր տվել, ապա այն ուղարկվել էր հատուկ ինստիտուտ` վերահաստատման համար:

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Գերմանիայում: Երկրի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային շրջանում ամուսնական զույգ է վարակվել: Հիվանդանոց դիմողը 50-ամյա տղամարդ է, որի մոտ հաստատվել է վարակը: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հիվանդին արհեստական շնչառության սարքին են միացրել:

Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում:

Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում