«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան

«Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Եվ ահա, օրենքի ընդունումից հետո նկատում ենք, որ ոստիկանության դիմակավորված աշխատակիցնե­րը քրեական ենթամշակույթ կրող անձանց են բերման ենթարկում:

Ոստիկանության հրապարակված տեսանյութերում մի շարք կասկածելի դրվագներ կան. Գեղարքունիքի մարզում քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու կադրերում երևում է, որ մարդկանց պառկեցնում են չոր ասֆալտին և տանում ոստիկանության համապատասխան բաժիններ, մինչդեռ այնտեղ այդ օրերին առատ ձյուն էր:

Չի բացառվում, որ ոստիկանությունը նախկին կադ­րերն է օգտագործում՝ ցույց տալու, թե գործ է անում: Օրերս էլ ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել Նորատուսցի Ալիկ անունով Ալիկ Բանդուրյանը, որը ոստիկանության մոտ ծիծաղում, կատակներ էր անում՝ ցույց տալով, թե որքան անլուրջ է վերաբերվում ոստիկանության գործողու­թյուններին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդպես է պատկերացնում քրեա­կան ենթամշակույթի դեմ պայքարը: «Ես չեմ կարող ոստիկանության աշխատանքից գոհ լինել կամ դժգոհ լինել, քանի որ ոստիկանության պետը պետք է գնահատի: Ոստիկանությունը բավականին լայն լիազորություններ ունի ու, կախված լիազորությունների բնույթից, տարբեր դեպքերում տարբեր կերպ է իր լիազորություններն իրականացնում», – նշեց նա՝ դժվարանալով ասել, թե օրենքի ընդունումից հետո քանի քրեածին տարր է դարձի եկել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում